Գերմանիայի արտգործնախարարությունը միանգամայն անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից գերմանական պատվիրակության մուտքի արգելքը Ինջիրլիք ռազմաբազա, որը միջազգային կոալիցիայի կողմից օգտագործվում է «Իսլամական պետության» դեմ պայքարի համար։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Անկարայի դիրքորոշումն անվանել է անհաջող և հայտարարել, որ Գերմանիան ուսումնասիրում է իր ստորաբաժանումներն այլ երկիր տեղափոխելու տարբերակը։
«Մենք կշարունակենք բանակցությունները Թուրքիայի հետ, բայց զուգահեռ մենք ստիպված կլինենք փնտրել մեր առաջադրանքները կատարելու այլ մեթոդներ։ Դա նշանակում է, որ մենք պետք է Ինջիրլիքին այլընտրանք փնտրենք, և նման այլընտրանքներից մեկը Հորդանանն է»,- ասել է Մերկելը, որի խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Գերմանիայի պաշտպանության նախարարությունից պարզաբանել են, որ քննարկվել է նաև Կիպրոսի և Քուվեյթի տարբերակը, սակայն առավել հարմար են գտել Հորդանանի առաջարկած պայմանները։ Թե ինչ պայմանների մասին է խոսքը, Գերմանիայի ՊՆ-ն չի հստակեցրել։
Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայում տեղակայված է գերմանացի 250-260 զինծառայող։
Հիշեցնենք, Թուրքիան ևս մեկ անգամ արգելել էր գերմանական պատվիրակությանը մուտք գործել ռազմաբազա, երբ Բունդեսթագը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև էր ընդունել։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ