«Ընտրությունները վերջացան ու հիմա կարող եմ ասել այն, ինչ ամբողջ օրը բոլորին պարզ էր. Զարուհին ոստիկանության եւ իր դստեր միջոցով «Ելքից» ձայները տարավ»,- Ֆեյսբուքյան այս գրառման տակ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը «like» էր դրել՝ արժանացնելով հավանության:
Aravot.am-ը նրանից եւ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ դուք իսկապե՞ս կարծում եք, որ այդ միջադեպով Զարուհի Փոստանջյանը ձեր ձայները տարել է:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք ինչ ձայներ ունեինք, այդ ձայները ֆիքսել ենք եւ մի քիչ էլ ավելացրել ենք, առաջիկայում նույնպես կավելացնենք»: Փաշինյանը վստահեցրեց, որ իրենց էլեկտորատը կայուն ավելացել է:
Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ «Ես չեմ կարող նման կարծիք արտահայտել, հնարավոր է՝ այո, հնարավոր է՝ ոչ: Ես ոչ մի բան չեմ բացառում: Ամեն դեպքում միջադեպը շատ տհաճ էր, մենք դատապարտել ենք եւ ինչ կարող ենք անել՝ հետեւողական լինելու համար, որ պատասխանատվության ենթարկվեն, նաեւ հայտարարության մեջ ենք նշել»:
Որպես իրավաբան՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ Փոստանջյանի պատգամավորական անձեռնմխելիությունը դեռ պահպանվում է. «Նա պատգամավորի կարգավիճակով է հանդես եկել: Ոչ միայն որպես պատգամավոր, այլ եթե տիկին Փոստանջյանի փոխարեն լիներ ուղղակի քաղաքացի, կրկին ոստիկանության գործողությունները անիրավաչափ են եւ բնականաբար քննարկման առարկա պետք է դառնան հատուկ քրեական գործի շրջանակներում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ