Լրահոս
Օրվա լրահոսը

Կազմակերպությունները տեղյակ չե՞ն ֆեյք դիտորդներից

Մայիս 15,2017 20:12

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Երևանի ավագանու ընտրությունների ընթացքին հետևելով, հայտնաբերել էին ֆեյք դիտորդներ: Ըստ նրանց` այդպիսի կազմակերպություններից են «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ», «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա», «Հայք» երիտասարդ ազգային պահպանողականների միավորում, «Կրթության եւ մշակույթի կամուրջներ» հ/կ-ները:

Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի դիտորդ Լիլի Նիկոլայանը մայիսի 14-ին` Երևանի ավագանու ընտրությունները օրն ահազանգել էր, թե Դավթաշենի թիվ 200 դպրոցում տեղակայված 5/06  տեղամասում Արտյոմ Վարդանյանը գրանցված է «Հայք» երիտասարդական ազգային պահպանողականների միավորում հ/կ-ից, սակայն կազմակերպության կողմից ԿԸՀ-ին ներկայացրած դիտորդների ցանկում նրա անուն ազգանունը բացակայում է։

Ըստ Արթուր Սաքունցի, Դանիել Իոաննիսյանի` այսպիսի մարդիկ որպես կանոն աշխատում են ՀՀԿ-ի համար:

Aravot.am-ը կարողացավ կապ հաստատել միայն «Հայք» երիտասարդ ազգային պահպանողականների միավորում հ/կ-ի նախագահ Էդգար Հովհաննիսյանի հետ: Նշված մյուս հ/կ-ների մասին համացանցից հնարավոր չեղավ տեղեկություն հայթայթել այդ կազմակերպությունների հասցեի և հեռախոսահամարների վերաբերյալ:

Aravot.am-ի հետ զրույցում Էդգար Հովհաննիսյանը բացառեց, որ իրենց  հ/կ-ի անվան ներքո գործունեություն ծավալած լինեին այսպես կոչված ֆեյք դիտորդներ. «Դա բացառվում է, իմաստը չկա նման բան անելու»:

Այնուհետև հ/կ նախագահը հավելեց, թե որևէ պաշտոնական հարցում կամ մեղադրանք իրենց կազմակերպությունը չի ստացել, իսկ մամուլից չի հասցրել մանրամասներին ծանոթանալ: Էդգար Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը հաճախ է ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրել, ու նման բան ուղղակի բացառում է:

Փոխանցեցինք, թե որոշ անձինք են ներկայացել իրենց կազմակերպության անունից, մինչդեռ նրանց անունը կազմակերպության` ԿԸՀ ներկայացրած ցուցակում չկա, այնուհետև հարցրինք` հնարավո՞ր է, որ իրենց չիմացությամբ ինչ-ինչ անձինք նման քայլի դիմած լինեին ընտրատեղամասում ՀՀԿ-ի օգտին աշխատելու համար, Էդգար Հովհաննիսյանն արձագանքեց. «Ես գրեթե բացառում եմ նման բան»:

Մեր հարցին` իսկ Դուք ձեր կազմակերպության բոլոր դիտորդներին անձամբ ճանաչո՞ւմ եք, Էդգար Հովհաննիսյանը պատասխանեց. «Գրեթե բոլորին ճանաչում եմ, եթե ոչ անձնապես, ապա, ընդհանուր առմամբ գիտեմ: Մեր կազմակերպությունը միայն ես չեմ, կան բազում անդամներ: Դիտորդական առաքելության հետ կապված աշխատանքները փոխնախագահներից մեկն է կոորդինացրել, բայց նորից եմ կրկնում, բացառում եմ նման բան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031