Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնվել են լուսանկարներ Արմեն Ամիրյանի՝ Գյումրի կատարած արկածային ուղևորությունից. (Տեսանյութ)

Մայիս 15,2017 19:00

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շաբաթ օրը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում Հակոբ Պարոնյանի «Շողոքորթը» պիեսի առաջնախաղը դիտելու համար մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը 100 մշակութային գործիչների, ճանաչված դերասաններ, ռեժիսորների, նախարարության աշխատակիցների հետ տոմսեր էր գնել ու շտապել Գյումրի։ Սակայն ճանապարհին ավտոբուսը փչացել էր, ու արվեստագետները «արկածներով»  էին հասել  Գյումրի։ Նախարարն էլ մի կերպ հասավ աճեմյանցիների մամլո ասուլիսին՝ պատմելով, որ փչացել էր իրենց ավտոբուսը։

Այսօր մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում արդեն իսկ հայտնել են լուսանկարներ փչացած, ծխացող ավտոբուսի ֆոնին։

Նախարարության նույն էջից նաև տեղեկանում ենք, որ  Արմեն Ամիրյանը այսօրվա թռուցկաժողովը սկսել է Գյումրու թատրոնի աշխատոճի գովերգմամբ։ «Նրանք, ովքեր չէին եկել Գյումրի, շատ բան կորցրին։ Մարզային այցերը պետք է շարունակել, բայց՝ ավելի լավ ավտոբուսով: Թեև արկածային էր մեր ուղևորությունը, բայց մեկ արկածը, կարծում եմ, բավարար էր»,- կատակել է նախարարը։

Նա, մեջբերելով Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի ու գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի աշխատոճը, նշել  է․«Մյուս թատրոններում էլ, գուցե, լավ ներկայացումներ լինում են, բայց մարդիկ չգիտեն դրանց մասին, չեն գալիս թատրոն, որովհետև փիար չկա: Տեսե՛ք, թե ինչպես է աշխատում Գյումրու թատրոնը: Երկու երիտասարդ տղաներ Հանրապետության թատերական կյանքն ամբողջությամբ շրջել են: Ղեկը վերցրել են իրենց ձեռքը, և դա շատ լավ է: Մյուս թատրոնները ևս պետք է ձգվեն և նման աշխատաոճ որդեգրեն»։

Արմեն Ամիրյանը Գյումրիում ևս նշեց, որ պետությունը ոչ մի լումա չի ծախսել Գյումրու թատրոնի ներկայացումների վրա, քանի որ թատրոնն աշխատում է ժամանակակից լավագույն մոդելով։ «Ազնվորեն պիտի բարձրաձայնեմ, որ թե տնօրենի ու  թե գլխավոր ռեժիսորի նշանակումը իմ լավագույն նշանակումներից մեկն է։ Հենց սա է կարևորը, թե ինչ ղեկավար կունենա թատրոնը, թանգարանը, արվեստի կենտրոնը կամ մշակութային օջախը, որպեսզի կարողանան ինքնաբավ կազմակերպել իրենց աշխատանքը»,- ասաց Արմեն Ամիրյանը։

Գրեթե ամեն շաբաթ Գյումրի այցելող նախարարն այս անգամ նորությամբ էր եկել հանրապետության մշակութային մայրաքաղաք։ Նա տեղեկացրեց, որ առաջին անգամ բացվելու է տարածաշրջանային մշակույթի վարչություն, ընդ որում՝ Գյումրիում։ Այն գործելու է մշակույթի նախարարության ենթակայությամբ։ Վերանորոգումից հետո այն տեղակայվելու է «Կումայրի» արգելոցում գտնվող «Մեր մանկության տանգոյի» շենքում։ «Դա միակ վարչությունն է, որը տեղակայվելու է հենց Գյումրիում, մինչև Երևան-Գյումրի ճանապարհի կառուցման ավարտը», -ասաց Արմեն Ամիրյանը։

Նա նշեց, որ թեև չի ուզում տարբերություն դնել գյումրեցինեի ու երևանցիների միջև, սակայն մշակույթի վարչությունում աշխատելու են գյումրեցիներ։ Սա, ըստ էության, մի քանի  նոր աշխատատեղեր կստեղծի Գյումրիում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները մշակույթիի նախարարության ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031