Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ամաչում եմ հերթական անգամ… որ կինը կարող է նման հայտարարություն անել». Աստղիկ Գեւորգյանը` Փոստանջյանի մասին

Մայիս 15,2017 18:44

Ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, լրագրողների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը չի ցանկանում գնահատական տալ երեկ տեղի ունեցած ավագանու ընտրություններին: Նա հրաժարվեց կարծիք հայտնել նաեւ տեղի ունեցած միջադեպերի եւ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ ընդդիմադիր թեկնածուների բացահայտումների մասին:

«Ոչ մի գնահատական չեմ ցանկանում տալ այն փաստերի կամ տարածված լուրերի վերաբերյալ, որոնց մասին անձնական համոզմունք չունեմ, որովհետեւ Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանն այն մարդիկ են, որոնք կարող են  քրեական գործ հարուցել ու իրավապահների ուշադրությունը հրավիրել դեպքերին, որ կաշառք բաժանողն էլ պատժվի, քաշքշուկ անողն էլ պատժվի: Ես վատ եմ զգում, որ անկախությունից 25 տարի անց էլի բանսարկությունները, քաշքշուկները, տարբեր խոսակցությունները, պիտակավորումն ու ստահոդ լուրերը շարունակվում են, որն է սխալ, որն է ճշմարիտ, ես ի զորու չեմ ասելու, որովհետեւ տեղեկատվություն չունեմ, իսկ միայն ցանցերի հրապարակումներով չեմ կարող դատել»,- ասաց Աստղիկ Գեւորգյանը:

Մեր հարցին` հրապարակված տեսանյութերը բավարար չե՞ն, որ որպես լրագրող գնահատական տաք, ճիշտն ու սխալը տարբերեք, նա կրկնեց` միայն տեսանյութերով չի կարող դատել: Մեր հարցին` երեկ քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի ու ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի տեսագրությունն էլ բավարար չէ՞ կարծիք հայտնելու համար, թե արդյոք ոստիկանների գործողությունները իրավաչափ էին, տիկին Գեւորգյանը պատասխանեց. «Բայց հակառակն էլ կա չէ՞ գրված, հենց այնպես եկան, ասացին`դուրս ենք հանում ու տանո՞ւմ ենք, այդպես չի լինում, չէ՞, առանց կրակի ծուխ չի լինում, ես ոչ մի գնահատական չեմ ուզում տալ, բացի ամոթի զգացումից: Ամաչում եմ, որ քաղաքացիական գիտակցությունն այդքան չի զարգացել, որ կարողանանք քաղաքակիրթ ընտրություններ անցկացնել` քարոզարշավներ, քննարկում, բանավեճեր»:

Մեր դիտարկմանը, բայց հենց ՀՀԿ-ականներն  են հրաժարվել բանավեճից, ընդդիմադիր թեկնածուները բազմիցս  Տարոն Մարգարյանին բանավեճի առաջարկ են արել, բայց մերժվել են, տիկին Գեւորգյանն ասաց. «Դե իրեն պետք է հարցնեք, գուցե զբաղված է եղել»:

Աստղիկ Գեւորգյանից նաեւ հետաքրքրվեցինք` ինչպես են աշխատելու ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանի հետ, որը սպառնում է, որ  մայիսի 15-ից սկսած Տարոն Մարգարյանը օր ու արեւ չի տեսնելու, նրա կյանքը դժոխք է դառնալու:

«Ես այդքան ցածր չեմ գնահատում նրա հնարավորությունները, ո՞վ է իրեն իրավունք տվել որեւէ  մեկի կյանքը դժոխքի վերածել, ի՞նչ է անելու, ապրենք, տեսնենք` ինչ է անելու, երեւի իր վրա վստահ է, արդեն փորձ ունի դժոխքի վերածելու: Ինձ համար զարմանալի է`կինը կարող է  այդպիսի հայտարարություններ անել, ես ամաչում եմ հերթական անգամ, ուրեմն ունի այդ շնորհքն ու տաղանդը, եթե  նա կանի, ու որեւէ մեկը ձեռքը չի բռնի, ուրեմն այդպես էլ կլինի մեր կյանքը: Տարոն Մարգարյանի կյանքը դժոխք դարձնել, թե ամբողջ մեր ավագանու կազմի կյանքը, նույն բանն է, մենք թիմային սկզբունք ունենք… եթե ինչ-որ մեկը ուզում է հայհոյել, թող հայհոյի, մյուսն էլ կարող է արհամարհել, հո չեմ իջնելու դրա մակարդակին»,-Aravot.am-ին ասաց Աստղիկ Գեւորգյանը:

Մեր հարցին` իսկ ՀՀԿ-ի հաղթանակը ընտրակաշառքո՞վ էր պայմանավորված, թե՞ այլ գործոններ կային, տիկին Գեւորգյանը պատասխանեց. «Ընտրակաշա՞ռք է եղել, ես չեմ տեսել»:

Նրա խոսքով, եթե որեւէ մեկը ընտրակաշառքի դեպք է բացահայտել, թող դիմի իրավապահներին: Մեր հարցին, եթե որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել ընտրակաշառք բաժանելու համար, կարելի է հիմք ընդունել, որ ընտրակաշառքի բաժանման դեպքեր չեն եղել կամ կեղծ ահազանգեր են, ասաց` չգիտեմ. «Անմեղության կանխավարկած կա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031