Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ն մտադիր չէ Էրեբունի օդանավակայանի թռիչքները սահմանափակել, ինչպես որ պահանջում են բնակիչները

Մայիս 15,2017 18:20

Պաշտպանության նախարարությունը մտադիր չէ Էրեբունի օդանավակայանը տեղափոխել այլ տարածք: Aravot.am-ի գրավոր հարցամանն ի պատասխան այսօր հայտնեցին ՊՆ-ից:

Aravot.am-ը ապրիլի 28-ին հրապարակել էր Էրեբունի ռազմական օդանավակայանի շուրջն ապրող բնակիչների բողոքը, որտեղ նրանք դժգոհել էին օր ու գիշեր իրականացվող թռիչքներից, ինչը խախտում է մարդկանց անդորրը:

Բնակիչների խոսքերով, ուսումնական թռիչքները կատարվում են վաղ առավոտյան եւ նաեւ ուշ ժամերին` բացասական հետեւանք թողնելով մարդկանց նյարդային համակարգի վրա: Նրանք օդանավակայանի պատասխանատուներին խնդրում են` գոնե սահմանել այնպիսի ժամանակացույց, որպեսզի մարդկանց անդորրը չխաթարվի. «Տարածքում մեծահասակներ ու փոքրիկներ շատ կան, որոնք անսպասելի ձայներից ու ուժեղ աղմուկից վեր են թռչում, վախենում»,-ասում էին բնակիչները:

Նախարարությունից հետաքրքրվել էինք, թե ռազմական օդանավակայանը այլ տարածք տեղափոխելու մտադրություն չունե՞ն` հաշվի առնելով, որ այն բնակելի թաղամասին շատ մոտ է եւ բնակիչներն այդ առիթով  դժգոհում են:

ՊՆ-ից նաեւ պատասխանել են. «Էրեբունի օդանավակայանում ուսումնական թռիչքներն իրականացվում են հաստատված պլանների համաձայն: Մարտական պատրաստության ծրագրերի համաձայն, թռիչքային անձնակազմերի պատրաստության մակարդակը բարձր պահելու համար խիստ անհրաժեշտ է թռիչքներն իրականացնել ցերեկային ժամերին, ինչպես նաեւ գիշերը պարզ եւ բարդ օդերեւութաբանական եղանակային պայմաններում»:

Aravot.am-ը բնակիչներին մտահոգող հարցի վերաբերյալ դիմել էր նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Խնդրել էինք մեկնաբանել, թե որքան էլ հարցը ռազմական հարթությունում է, արդյոք բնակիչներին խանգարող աղմուկը, որը անգամ հանգստի ժամերին է լինում, չի՞ դիտվում մարդու իրավունքների խախտում:
Մեր հարցմանն ի պատասխան, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնեցին, որ իրենց Էրեբունի օդանավակայանի շրջակայքի բնակիչներից որեւէ մեկը թռիչքների աղմուկի առնչությամբ դիմում-բողոք չի ներկայացրել: Նաեւ հայտնեցին, որ, եթե նման դիմում ստանան` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետեւողական կլինի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031