Այսօր ժամը 13:50-ի սահմաններում Վանաձորի Տավրոսի 6 փողոցում Վանցիկ Անտոնյանի վարած բեռնատարը կողաշրջվել է: Մեքենայի ծանրությունից ճանապարհի այդ հատվածում ասֆալտը բացվել է եւ բեռնատարի մի հատվածը ընկել է փոսը:
«Մեր տնից Տարոն 4-րդ էի գնում: Հասա ճանապարհի էս հատվածը, ասֆալտը փլվեց: Կարեւորը, որ լավ պրծանք,- ասում է Վանցիկ Անտոնյանը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության աշխատակիցները: «Նախկինում ջրագծերի անցկացման համար կատարված ջրափոսը երեկվա անձրեւների հետեւանքով լվացվել է, պատը բարակել է: Փլուզում է տեղի ունեցել եւ ավտոմեքենան հայտնվել է փոսի մեջ,-ասում է ԼՄՓՎ պետ Կարեն Հովհաննիսյանը:
Համապատասխան տեխնիկայի կիրառմամբ մեքենան դուրս է բերվել առաջացած փոսից: Տուժածներ չկան:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ