Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվեց՝ Վանաձորի գյուղատնտեսական քոլեջում գյուղատնտեսությանը վերաբերող մասնագիտություններ չեն դասավանդվում (Տեսանյութ)

Մայիս 15,2017 17:43

Այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էին գտնվում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ու գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարները մարզի ղեկավարի ուղեկցությամբ եղան Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջում: Այստեղ վերջիններս ծանոթացան քոլեջի պայմաններին, իրականացվող շինարարական աշխատանքներին, տեղեկացան քոլեջում դասավանդվող մասնագիտությունների մասին: Պարզվեց գյուղատնտեսական քոլեջում գյուղատնտեսությանը վերաբերող մասնագիտություններ չեն դասավանդվում:

-Ձեր կարծիքով կա՞ անասնապահներ, անասնաբույծներ, անասնաբուժներ, բուսաբույծներ, ագրոնոմներ մասնագիտությունների պահանջարկ,- քոլեջի տնօրենից հետաքրքրվեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

-Ես հարցում եմ կատարել: Բոլոր գյուղական համայնքների ղեկավարներին զանգել հարցրել եմ: Կան տեղեր, որ անասնաբույծի պահանջ ունեն, կան տեղեր, որ կաթի վերամշակման վարպետի, պանրագործի կարիք ունեն,-նախարարների հետ զրույցում ասաց քոլեջի տնօրեն Վարդան Սիմոնյանը:

Այցի շրջանակներում նախարարները եղան նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում: Այստեղ եւս ծանոթացան համալսարանի պայմաններին:

Լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ասաց, որ եվրոպական գործընկերների մետ միասին նախատեսում են Հայաստանում ունենալ հատուկ ուղղվածությամբ քոլեջներ: Առաջինը՝ գյուղատնտեսական ուղղվածությամբ 8 քոլեջի ձեւավորման ծրագիրն է: Քոլեջներից մեկը կստեղծվի հենց Վանաձորում:

«Մենք տեսանք բավականին անմխիթար վիճակում գտնվող գյուղատնտեսական քոլեջը, եւ ագրարային համալսարանի մասնաճյուղը, որն իրականացնում է հեռակա ուսուցման ծրագրեր: Այստեղ ձեւավորվում է գյուղատնտեսական կլաստերի գաղափարը, երբ կմիանա Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջը այստեղի գյուղատնտեսական քոլեջին, որը կվերանորոգվի եւ լաբորատոր սարքավորումներով կհագեցվեն: Այստեղ կսկսվեն բարձրագույն գյուղատնտեսական ծրագրեր: Ստեփանավանի Դենդրոպարկը, գիտությունը եւ նաեւ բիզնեսը: Այսինքն, առաջին անգամ Վանաձորը նպաստավոր պայմաններ ունի, որպեսզի տարածաշրջանային գյուղատնտեսական կլաստերի գաղափար լինի»:

Իգնատի Առաքելյանն ասաց, որ այսօր գյուղատնտեսության ոլորտում զգում են բանիմաց մասնագետների կարիք՝ նշելով, որ 2 նախարարություններով առաջիկայում նախատեսում են մշակել ծրագրեր, որոնց շնորհիվ այս ոլորտում կպատրաստվեն գրագետ կադրեր:

«Մենք հիմա մտածում ենք, որ կարողանանք կլաստերի նման տեղ սարքենք, որտեղ կրթվեն ու դաստիարակվեն մասնագետներ: Ապահովենք նաեւ իրենց պրակտիկ դաշտը, որպեսզի կարողանան փորձ ձեռք բերեն: Փորձում ենք կոնսոլիդացնել այն բոլոր ծրագրերը, որոնք այսօր կան կրթության եւ գյուղատնտեսության միասնական դաշտում: Եվ կարողանանք այդ բոլորը միավորենք ու ավելի արդյունավետ օգտագործենք: Որ ոչ թե ամեն նախարարություն իր ծրագիրն ունենա, այլ մենք բոլորս տեսնենք, թե որը ինչն է անում: Մեր պահանջարկն ինչն է, կրթության նախարարության պահանջարկը, եւ ըստ դրա կազմենք կրթական ծրագրեր ու նորմալ ուսանողներ պատրաստենք»:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը տեղեկացրեց, որ իրենք 2 նախարարությունների կողմից էլ արդեն ստացել են համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկայում իրենց ներկայացնել մարզի գյուղատնտեսական ոլորտին վերաբերող հարցերը:

«Մարզում խնդիրը համալիր կրթական համակարգ ունենալն է: Որովհետեւ մեր մարզում կան գյուղոլորտին վերաբերվող 3 կարեւոր հաստատություններ, որոնք կարելի է ասել տարերային մասնակցություն են ունենում գյուղոլորտի զարգացմանը: Այս առումով պետք է համալիր լուծում տալ: Բոլոր այն հիմնական մասնագիտությունները, որ կան գյուղոլորտում, մենք դրանց կարիքը ունենք: Դրա համար անհրաժեշտ են 21-րդ դարին համահունչ կրթական ծրագրեր»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031