Aravot.am-ը այսօր «Ելք» դաշինքի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին եւ Էդմոն Մարուքյանին հարցրեց՝ Զարուհի Փոստանջյանն ասել է, որ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի է վերածելու, ավագանիում նրան օր ու արեւ չի տալու, դուք ի՞նչ եք անելու, միանալո՞ւ եք՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Կներեք, ձեր հարցից ես զարմացա, Զարուհի Փոստանջյանը վերցնելո՞ւ է մանդատները, որովհետեւ ԱԺ ընտրություններից հետո իր արած հայտարարությունը՝ ուղղված «Ելք» դաշինքին, այն մասին էր, որ «Ելք» դաշինքը գնաց, վերցրեց մանդատները, ուրեմն դուք ծախվել եք եւ այլն: Իր տրամաբանության մեջ, իր քաղաքական գծի մեջ, եթե ինքը գնա, վերցնի, ուրեմն այդ տեքստն իրեն է վերաբերում: Բայց մենք ասել ենք, որ մենք պատրաստ ենք համագործակցել, մեր ֆրակցիան կհամագործակցի «Երկիր Ծիրանիի» հետ, եթե իրենք վերցնեն մանդատները»:
Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Եթե անկեղծ լինենք, իրականում Տարոն Մարգարյանի կյանքը առանց այն էլ դժոխք է: Պատկերացնում եք այդքան ընտրակաշառք բաժանած եւ այդ ճանապարհով ձայներ ապահոված կլանների եւ կլանիկների գերին եւ դրածոն լինել ինչ է նշանակում: Մեր խմբակցությունը կաշխատի, որ երեւանցիների կյանքը եթե ոչ դրախտի վերածել, առնվազն մեր խնդիրը կլինի երեւանցիների կյանքը թեթեւացնել առնվազն եւ ամեն ինչ անել, որ Երեւանի ավագանին կատարի իր գործառույթը՝ մարդկանց կյանքը հեշտացնելու»:
Մեր հարցին՝ ձեր ստացած մանդատները ինչքանո՞վ դրա հնարավորությունը կտան՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք ընդհանրապես սովոր ենք եւ մեր ստացած մանդատները եռակի, քառակի արդյունավետությամբ ենք օգտագործում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ