Հայ ժամանակակից նկարիչների ասոցիացիան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, մայիսի 15-ին ներկայացրեց «Ներկա» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան։
«Իմ կարծիքով` թեման շատ հետաքրքրական է, հատկապես, երբ անտարբերությունը այս աստիճան արմատավորվել է հասարակության մեջ: Զարգացած տեխնոլոգիաները պատճառ են դարձել այն բանին, որ մարդիկ իրենց միայնակ են զգում նույնիսկ ընտանիքում, ցուցահանդեսին ներկայացված նկարներում արտացոլված է այս ամենը ու ընտանիքին նվիրված ամեն ինչ»,- ասաց ասոցիացիայի անդամներից`Մարիամ Մուղդուսյանը:
Ցուցահանդեսին ներկայացված են ժամանակակից գրաֆիկական և գեղանկարչական գործեր, 32 նկար, մասնակցում է 18 անդամ:
«Հայ ժամանակակից նկարիչների ասոցիացիան մի քանի ամիս է ինչ գործում է, սա ասոցիացիայի անդամ գեղանկարիչների առաջին ցուցահանդեսն է: Նմանատիպ ցուցահանդեսները շարունակական են լինելու, հնարավորության դեպքում կներկայանանք նաև արտերկրում»,- ասաց գեղանկարիչ Սերգեյ Խավերդյանը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 30-ը, բոլոր աշխատանքային օրերին ժամը 14:00 – 16:30:
Զուզան ԽՈՒԲՈՅԱՆ