Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանում 100 հազարավոր մարդիկ քվեարկել են՝ ըստ ընտրակաշառքի». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Մայիս 15,2017 14:35

«Ելք» դաշինքն այսօր ասուլիս էր հրավիրել՝ գնահատելու ընտրության արդյունքները: «Ելքը» հայտարարությամբ է հանդես եկել, որով դատապարտել է Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպը՝ Տարոն Մարգարյանի շտաբում, հայտարարել է, որ պատրաստվում են ընտրակաշառքի դեպքերի հետ կապված դիմել դատախազություն, նաեւ որոշ տեղամասերում վերահաշվարկ իրականացնել:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ այդ վերահաշվարկն ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն չի ունենա:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ եթե իմանան, որ իրենց տրված թեկուզ մի ձայն կորել է՝ անպայման միջոցներ կձեռնարկեն:

Հարցին՝ արդեն որոշե՞լ եք, թե Երեւանի ավագանու խմբակցության ղեկավարի պաշտոնում ով է լինելու, քանի որ հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը վերցնելու է պատգամավորական մանդատը՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ դեռ չեն որոշել, ոչ էլ քննարկել են, թե ով է ինքնաբացարկ հայտնելու, ով՝ ոչ. «Այս պահին պարզ է մի բան, որ ես գնում եմ ԱԺ»,- ասաց պարոն Փաշինյանը:

Հարցին՝ ընտրությունների արդյունքները անսպասելի՞ էր ձեզ համար, սա հաջողությո՞ւն եք համարում՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ 1 ամսվա ընթացքում իրենց դաշինքը Երեւան քաղաքում արձանագրել է 70 հազար ձայն ու այս ընտրություններում դեռ 1000 ձայն էլ ավելի են ստացել, քան նախորդ ընտրություններում. «Ի դեպ, ՀՀԿ-ն էլ մոտավորապես 1000 ձայն պակաս է ստացել, քան նախորդ ընտրություններում»:

Ավելին, տեղամասերում քվեաթերթիկներ են գտել «Ելք» դաշինքի օգտին քվեարկած, բայց՝ կարմիր գրիչով: Էդմոն Մարուքյանը պարզաբանեց. «Այսինքն, գրիչը տվել են, որ գնա իրենց օգտին քվեարկի, մեզ է քվեարկել»:

Թե ինչ սխալներ են արել՝ Փաշինյանն ասաց. «Երեւանում 100 հազարավոր մարդիկ քվեարկել են՝ ըստ ընտրակաշառքի: Մենք չենք կարողացել համոզել, որ նրանք չքվեարկեն՝ ըստ ընտրակաշառքի եւ դա փաստ է»:

Լրագրողները փոխանցեցին ՀՀԿ-ականների արձագանքը՝ աղբամանից գտած փաստաթղթերի հետ կապված, որ ինչպե՞ս պետք է ապացուցեն, որ հենց այդ շտաբի աղբամանից են դա գտել: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ոստիկանության 270202 համարից ուղարկված ֆաքս կա, օրինակ, կարող են գնալ եւ հանել տվյալները, տեսնել՝ այդ օրը այդտեղից ֆաքս ուղարկվե՞լ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031