«Անկախ դիտորդ» նախաձեռնություն, Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը վստահեցրեց, որ Երևանի ավագանու ընտրությունները չեն կայացել ընտրողների ազատ կամարտահայտության միջավայրում:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը նա մտահոգություն հայտնեց. «Մենք գործ ունենք ընդամենը քվեարկության հետ, որոնք մեխանիկական թվեր են: Իշխանությունն ուղերձ հղեց հասարակությանը՝ հույս չունենաք, որ ընտրության միջոցով կարող եք հասնել փոփոխությունների»:
Դառնալով իրավապահ մարմինների գործողություններին՝ պարոն Սաքունցը նկատեց. «Իրավապահները խախտումներ բացահայտողների նկատմամբ շատ խիստ էին, մինչդեռ խախտումներ անողներին հաճախ հրապարակավ պաշտպանության տակ էին վերցնում»:
Արթուր Սաքունցը նշեց, որ ընտրատեղամասերի առնվազն 35 տոկոսում արձանագրվել է, երբ հանձնաժողովի նախագահը կամ վստահված անձը կամ ֆեյք դիտորդը, որը հանդես է գալիս վստահված անձի կարգավիճակով, բացակա ընտրողներին տեղամաս բերելով են զբաղված եղել:
Պարոն Սաքունցը նաև դատապարտեց գրանցված բռնությունները. «Խայտառակ գործողություններ իրականացվեցին Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ: Եվ ականատես եղան իրավապահ մարմինների անգործությանը»:
Պարոն Սաքունցի հավաստմամբ՝ ավագանու ընտրությունները ժողովրդավարության տեսանկյունից մեկ քայլ հետ էին խորհրդարանական ընտրությունների հետ համեմատած:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Տիգրան Եգորյանը փաստեց, թե ընտրական գործընթացների արդյունքում ձևավորվել է մի ճակատ. «Ճակատի մի կողմում բոլոր նրանք են, որոնք ցանկանում են պայքարել ժողովրդավարական արժեքների, ազատության, անկախության համար, մյուս կողմում նրանք են, որ ցանկանում են այդ ժողովրդի իշխանությունը յուրացնել: Եվ յուրացրել են, ու այս գործընթացներում ընդամենը պահպանում են այդ իշխանությունը՝ օգտագործելով վարչական գործիքները»:
Հարցին՝ համարո՞ւմ եք, որ 71.25 տոկոսը ՀՀԿ-ի հաղթանակն էր, պարոն Եգորյանը պատասխանեց. «Այն ամենը, ինչ մենք ներկայացնում ենք, այն փաստերն են, որ ցույց են տալիս, որ ոչ, դա նրանց ստացած ձայները չեն, և այստեղ չի գործում այն տրամաբանությունը, որ եթե Ա –ին կամ Բ-ին կաշառք են տվել ու եկել քվեարկել են ՀՀԿ-ին, ուրեմն իրենց ձայնը տվել են ՀՀԿ-ին: Այստեղ կամքի ազատ ձևավորումն ու արտահայտումն է, որի երաշխիք սկզբունք է նաև քվեարկության գաղտնիությունը, և այս կարևորագույն սահմանադրական սկզբունքները պետությունը ձախողել է պաշտպանել: Մինչդեռ դա պետության դրական պարտավորությունն է»:
«Անկախ դիտորդ» նախաձեռնության անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը նշեց, թե ձայների հաշվարկի ժամանակ շատ լուրջ խախտումներ են եղել, փորձ է եղել «Ելքի» 23 քվեաթերթիկներ տրցակով դնել ՀՀԿ-ի ձայների վրա, մեկ այլ ընտրատեղամասում եղել է թվանկարչություն, առանց հաշվարկ անելու թվեր են հայտարարել»:
Դանիել Իոաննիսյանը վստահեցրեց, թե ընտրության ժամանակ միայն ՀՀԿ-ի անվան առաջ նշում անելը չի նշանակում, որ ընտրել են այդ կուսակցությանը. «Եթե նշանը դնում են ՀՀԿ-ի դիմաց, դա դեռ չի նշանակում, որ ՀՀԿ-ին են ընտրել և ուզում են ընտրել ՀՀԿ-ին»:
Նա մտահոգություն հայտնեց նաև ոստիկանության գործողությունների վերաբերյալ. «Ոստիկանությունն այս անգամ էլ ավելի խնդրահարույց պահեց իրեն, քան ԱԺ ընտրությունների ժամանակ. հաճախ ընտրատեղամասերում ոստիկանությունը դիմում էր ՀՀԿ վստահված անձանց, ու ասում, թե մի բան արեք, որ ընտրատեղամասի առջևից կուտակումները դուրս գան:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի