Երեկ Երեւանում կայացած ավագանու ընտրություններով, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով, Հայաստանում հիմնականում ավարտվեց հերթական ընտրական փուլը: Այդ փուլն ամբողջությամբ կավարտվի գալ տարի`Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ավարտով:
Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում քաղաքագետը որոշեց վարչապետի նման վարվել`ինքն իրեն հարցեր տալ`արդյոք Հայաստանն այս ընտրական փուլից դուրս է գալիս ուժեղացա՞ծ. իհարկե` ոչ: Արդյոք այլեւս իշխանությունն ու պետությունն ի զորու կլինե՞ն հաղթահարել երկրի առջեւ ծառացած մարտահրավերները. իհարկե`ոչ:
Քաղաքագետը կարծում է, որ երեկ կայացած ընտրությունները իշխանության կողմից շատ լավ կազմակերպված, բայց հետխորհրդային, եվրասիական, ռուսաստանանման ընտրություններ էին, որոնք կապ չունեին հանրային շահի հետ. «Հանրությանն այդ ընտրությունները ոչինչ չտվեցին: Ինչ տվեց`տվեց իշխանությանը»:
Նկատի ունենալով ընտրությունները մասնակցության ցածր ցուցանիշը, բանախոսն ասում է`ցուցակային ընտրողների մեծամասնությունը մնաց տանը. «Երեւանցին մնաց տանը»: Մասնակցության նման ցածր ցուցանիշն, ըստ նրա, պայմանավորված էր ընտրողների`ընտրությունների նկատմամբ ցածր վստահությամբ:
Քաղաքագետը կարծում է, որ ավագանու ընտրություններում ընդդիմությունը կարողացավ ընտրողների բավական լայն շրջանակի մոբիլիզացնել, մոտիվացնել նրանց աշխատանքը: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ավագանու ընտրություններին մասնակցող երկու ընդդիմադիր ուժերն էլ նորաստեղծ էին:
Ի՞նչ ստացվեց եւ ի՞նչ չստացվեց ընդդիմության մոտ`տեսանյութում
Հայաստանը մտնում է ֆորս-մաժորների ժամանակաշրջան` նկատում է քաղաքագետը: Իր կարծիքով, առկա ռեսուրսով, Հայաստանը չի կարողանա դրանց օգուտներից օգտվել, վնասներից խուսափել: «Այսօր ՀՀԿ-ն է ստանձնել պատասխանատվությունը, ամբողջ իրավիճակի պատասխանատուն նա է»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ