Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերգեյ Բագրատյան. «Ծառուկյանի համար չափման մեկ միավոր գոյություն ունի` արդարությունը»

Մայիս 15,2017 12:50

Aravot.am-ի հարցազրույցը «Ծառուկյան» դաշինքի անդամ Սերգեյ Բագրատյանի հետ

Պարոն Բագրատյան, ի՞նչ մեկնաբանություն կտաք Ծառուկյան դաշինքի շուրջ խմորումներին, քանի որ դուք էլ էիք այդ պատմության կիզակետում:

– Քանի որ մեկ օր առաջ քաղաքական որոշում էր փոխվել, բայց ինձ չէին տեղեկացրել այդ մասին, ես խիստ վրդովվել էի իմ թիմակիցների կողմից իմ նկատմամբ դրսևորած վերաբերմունքից, որովհետև ես ոչ միայն պատահական մարդ չեմ կուսակցությունում, այլ հանդիսանում եմ կուսակցության հիմնադիր անդամ:

Ինչևէ, այդ օրը ինձ զանգահարեցին իմ մտերիմները` տեղեկացրեցին քաղաքական որոշման փոփոխության մասին, և քանի որ ժամանակ չկար իրողությունը պարզելու, շտապեցինք հասնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ինքնաբացարկի դիմումները ետ վերցրինք: Որից հետո անմիջապես գնացել եմ պարոն Ծառուկյանի հետ հանդիպման, իր ներկայությամբ արտահայտել եմ իմ վիրավորվածությունը թիմակիցներիս արարքի նկատմամբ: Քննարկման ընթացքում մեկ անգամ ևս հավաստիացրել եմ պարոն Ծառուկյանին, որ պատրաստ եմ իր ցանկացած որոշումը կատարելու`ի նպաստ ժողովրդի և իմ կուսակցության:

Իսկ հնարավո՞ր է, որ առանց պարոն Ծառուկյանի գիտության ինքնաբացարկի դիմումները ետ պահանջողներ լինեին:

– 11 տարուց ավելի անձամբ ճանաչելով պարոն Ծառուկյանին, միաժամանակ լինելով ԲՀԿ-ի հիմնադիրներից մեկը, վստահ եմ, որ նման ռիսկի կարող էին գնալ միայն պարոն Ծառուկյանին լավ չճանաչող մարդիկ, հատկապես, որ մենք բոլորս էլ պարոն Ծառուկյանի հետ պայմանավորվածություն ենք ունեցել, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք մեկ մարդու նման վայր դնել մանդատները: Եվ այդպես է եղել միշտ……

Անթույլատրելի է, որ նման համահայկական հեղինակություն ունեցող անձին, որն իր կյանքով ապացուցել է իր անշահախնդիր նվիրվածությունը ժողովրդին և իր թիմին, բոլորիս համար եղել է և ավագ եղբայր, և քաղաքական առաջնորդ, և անվերապահ հեղինակություն կանգնեցնեն նման փաստի առաջ:

Խոսակցություններ կան, որ ինքնաբացարկի դիմումները վերցնողները մանդատները վայր են դնելու, այդպե՞ս է, թե` ոչ:

– Ինչպես ես արդեն նշեցի, Ծառուկյան դաշինքում չի գտնվի մեկը, որը պարոն Ծառուկյանի պահանջի դեպքում մանդատը վայր չդնի: Ծառուկյան դաշինքը մի կուռ ընտանիք է, որն առաջնորդվում է երկաթյա կարգապահությամբ:

Պարոն Բագրատյան, իսկ մեղավորները պատժվե՞ցին:

– Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի…. Պղտոր ջրում ձուկ որսացողները պետք է գիտակցեն, որ շուտով ջրերը կզուլալվեն….

Ի դեպ, այս խնդիրը անհիմն շատ շահարկվեց: Հավաստիացնում եմ Ձեզ, որ մենք ի զորու ենք մեր թիմի ներսում լուծելու ցանկացած հարց, հատկապես, որ մենք ունենք այնպիսի առաջնորդ, որի համար չափման մեկ միավոր գոյություն ունի` արդարությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031