Քիչ առաջ հրավիրված մամուլի ասուլիսում Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի շտաբի պետ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն հայտնեց մրցակից թիմերին`«Ելք»-ին եւ «Երկիր Ծիրանի»-ին. «Կարծում եմ, որ Երեւանի ավագանին Տարոն Մարգարյանի գլխավորությամբ արդյունավետ կաշխատի»:
Էդուարդ Շարմազանովը ևս կրկնեց, որ ՀՀԿ շտաբում դրական են գնահատում ընտրական գործընթացը: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենք դրական են գնահատել նաեւ Տարոն Մարգարյանի եւ թիմի աշխատանքը` նախընտրական քարոզչության շրջանում. հարյուրից ավելի հանդիպումներ են ունեցել:
«Ընտրությունները գնահատում ենք դրական: Դրանք ևս մեկ անգամ հաստատեցին, որ Հայաստանը գնում է ժողովրդավարական ճանապարհով»,- ասաց բանախոսը` հավելելով, որ Երեւանի ավագանու նախորդ ընտրությունների համեմատ, ընտրական տարբեր կեղծիքների մասին հաղորդումներն այս անգամ էականորեն նվազել են: Դրանք մոտ ութ տասնյակ են կազմել:
Նա ասաց նաեւ, որ ի սկզբանե էլ իրենք ակնկալել են երեւանցիների ձայների յոթանասուն տոկոսը: Այս պահի դրությամբ հայտարարված պաշտոնական թիվը մոտ է ՀՀԿ-ի ակնկալիքներին:
ՀՀԿ-ի ակնկալիքների իրականացման գործում, ըստ Էդուարդ Շարմազանովի՝ դեր են խաղացել ոչ միայն իր բնորոշմամբ մրցակցային, ժողովրդավարական ընտրությունները, այլ Տարոն Մարգարյանի արհեստավարժությունը, անցած տարիներին նրա կատարած աշխատանքը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ