7/02 ընտրատեղամասում քվեաթերթիկները հաշվելու գործընթացն ավարտվեց:
Առաջատարն է Տարոն Մարգարյանը: 1793 ընտրողներից 541-ն էր մասնակցել ընտրությանը: Տարոն Մարգարյանը ստացել էր 346 ձայն, Նիկոլ Փաշինյանը՝ 130, Զարուհի Փոստանջյանը՝ 49, 16 քվեաթերթիկ էլ անվավեր էր:
Այս հանձնաժողովում «Ելքի» քվեաթերթիկները հավաքում էր ՀՀԿ-ական հանձնաժողովի քարտուղարը:
Երեք թեկնածուների օգտին էլ կային քվեաթերթիկներ, որտեղ ընտրողը v-աձեւ նշանն արել էր վանդակից դուրս: Դրանք հանձնաժողովի նախագահը դրեց քվեարկության եւ համարվեցին վավեր: Քվեաթերթիկներից մեկում ընտրողը խաչ էր քաշել Տարոն Մարգարյանի վրա եւ ընտրել Փաշինյանին: Կային քվեաթերթիկներ, որտեղ բոլոր թեկնածուների վրա խաչ էր քաշած կամ ջնջած էր բոլորի անունները:
Ուշագրավ էր քվեաթերթիկներից մեկը, որը հանձնաժողովի անդամներին մտածմունքների մեջ գցեց:
Ընտրողը Տարոն Մարգարյանի անվան կողքին «պտիչկա» էր դրել, բայց կողքը լատինատառ գրել էր՝ OOTTSS: Հանձնաժողովի անդամները խելք խելքի տալով՝ չկարողացան հասկանալ՝ ի՞նչ է ուզում ասել ընտրողը, այս ի՞նչ կոդ է դրել, տարբեր լեզուներով վերծանեցին՝ ոչինչ չստացվեց: Չէր բացառվում, որ ընտրողը, Տարոն Մարգարյանին ընտրելով՝ ուզել էր ասել «օձ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ