Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ստամբուլի «Քեմփ Արմեն» որբանոցը կվերածվի մշակութային կենտրոնի. «Հյուրիյեթ»

Մայիս 14,2017 21:16

Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող հայկական «Քեմփ Արմեն» որբանոցը, որը քանդվել էր ապրիլի 8-ին, կունենա նոր շենք և կվերածվի սոցիալական և մշակութային հաստատության։ Այս մասին գրում է թուրքական «Հյուրիյեթ» թերթը։

Հիշեցնենք, «Քեմփ Արմեն»-ը Հայկական բողոքական եկեղեցու հովանու ներքո գործող որբանոց-ամառային ճամբար էր, որ բացվել էր 1963-ին: Իր մանկության մի քանի տարիներն այստեղ է անցկացրել «Ագոս»-ի խմբագիր Հրանտ Դինքը: 1974 թ. Թուրքիայի գերագույն դատարանը որոշում ընդունեց, ըստ որի` կրոնական փոքրամասնությունները ներկայացնող կառույցները չեն կարող անշարժ գույքի սեփականատեր հանդիսանալ: Որպես հետևանք՝ 1983-ին որբանոցը փակվեց, իսկ հողը վերադարձվեց նախկին սեփականատերերին:

Չնայած Թուրքիայի կառավարությունը 2011թ. ստորագրել էր պատմական դեկրետ՝ որբանոցը հայկական համայնքին վերադարձնելու մասին, ճամբարն օտարվել էր այլ գույքի հետ միասին։

Տարածքի սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյը դեռ 2015թ. մայիսին ցանկանում էր քանդել որբանոցի շենքը, բայց այդ ծրագիրը հետաձգվեց, քանի որ Ուլուսոյը հայտարարեց, որ ինքը դա կնվիրաբերի Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցուն։

Այնուամենայնիվ, ավելի ուշ սոցիալական ցանցերում լուրեր տարածվեցին, որ ճամբարը դարձյալ փորձում են քանդել։ Ապամոնտաժման աշխատանքներն այդ ժամանակ հաջողվեց դադարեցնել ակտիվիստների, այդ թվում հայկական համայնքի առաջնորդների ջանքերով։

Ստամբուլի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը մայիսի 12-ին միաձայն որոշում է ընդունել որբանոցի շենքի վերակառուցման մասին, որը կկառուցվի շենքի բնօրինակի նմանությամբ։ Բացի այդ, «Քեմփ Արմենի» տարածքը ճանաչվել է «Սոցիալական և մշակութային հաստատության տարածք»։

Խոսելով որբանոցի շենքի մասին՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովուրդների հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Հուսեյն Սաղը հայտարարել է, որ «Քեմփ Արմենը» կարևոր նշանակություն ունի, քանի որ այնտեղ է մեծացել Հրանտ Դինքը։

«Այն դարձել է սոցիալական և մշակութային հաստատության տարածք։ Այժմ Հայաստանի քաղաքացիները, ոչ մուսուլմանները կամ մեր մուսուլման քաղաքացիները, մենք բոլորս կգնանք և կնստենք այնտեղ։ Մենք օգուտ կքաղենք այդ սոցիալական և մշակութային հաստատությունից։ Սա մի վայր է, որտեղի որբանոցում մեծացել է Հրանտ Դինքի նման անձնավորություն։ Այն նաև կարևոր է հենց դրա համար»- ասել է Սաղը։

Ծրագրվում է, որ տարածքը կներառի մասնագիտական դասընթացների տարածք, կինոթատրոններ, ցուցադրությունների և կոնֆերանսների սրահ, գրադարան, հանրակացարան, ծերանոց և որբանոց։

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031