«Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը «Մեդիա կենտրոնում» մայիսի 14-ին ներկայացրեց գրանցված խախտումները եւ տպավորությունները` ընտրություններից: «Քանի դիտորդի ստուգել ենք, պարզվել է, որ հավատարմագրված չեն, ԿԸՀ-ի կայքում դիտորդների ցանկում չկան»,-ասաց նա:
«Մենք հայտնաբերել ենք մի քանի այդպիսի կազմակերպությունների, ինչպես` Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտը, «Գեղամա»-ն, «Հայք»-ը, «Կրթության եւ մշակույթի կամուրջները»…Ստուգել ենք տասնյակներով, պարզվել է, որ հավատարմագրված չեն…Իհարկե, այդ մարդիկ հեռացվել են, բայց Մալաթիայում կրկին այդպիսի մի դիտորդ կրկին վերադարձել է»,-նշեց Դանիել Իոաննիսյանը:
Նա արձանագրեց, որ այդ կազմակերպությունների մեծ մասն առնչություն չունի դիտորդության հետ. «Իրենք ճանապարհ են ընտրական տեղամասում ներկայացված լինելու, իրենք պարզապես ֆեյք դիտորդներ են, որոնք եղել են ՀՀԿ-ի վստահված անձ, ՀՀԿ-ի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ եւ այլն»: Նրա ձեւակերպմամբ, նման «դիտորդները» ազդում են ընտրությունների արդյունքների վրա, քանի որ ներազդում են ընտրողների վրա:
Դանիել Իոաննիսյանը հավաստիացնում է, որ որոշ դեպքերում ՀՀԿ-ական ավագանու անդամի թեկնածուն է ներկա եղել տեղամասում` դիտորդի վկայականով, երբ զգուշացրել են, վկայականը հանել-տվել, գնացել է: «Այս պահին չունենք ծեծված դիտորդ, բայց քաշքշված ունենք»,- հայտնեց նա:
Դիտորդն անդրադարձավ նաեւ կոնկրետ տեղամասերի տարածքում անհամաչափ կուտակումներին:
Նրանց նախաձեռնությունը Երեւանում 60 տեղամաս է ծածկել: Իոաննիսյանը փաստում է, որ խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ բռի մեթոդների կիրառման դեպքերն ավելացել են:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի