7/46 ընտրատեղամաս մուտք գործելուն պես հանձնաժողովի նախագահն ասաց, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանը, որը սպառնացել էր ու վիրավորել Aravot.am-ի թղթակցին, ոստիկանների մոտ ընտրատեղամասում բացատրություն է տալիս:
Արայիկ Գեւորգյանը դուրս գալով ոստիկանների սենյակից, կրկին սկսեց ագրեսիվ պահվածք դրսեւորել, հոխորտալ ու սպառնալ, երբ իմացավ, որ ընտրատեղամասում Aravot.am-ի լրագրող կա: Ապա ասաց. «Տեսեք՝ այդ լրագրողին ոնց եմ գործից հանել տալու»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ ինչպես է պատրաստվում գործից հանել տալ, ի պատասխան, Արայիկ Գեւորգյանը փորձ արեց խոչընդոտել լրագրողների աշխատանքը եւ «Հայկական ժամանակ»-ի լրագրող Տաթեւ Խաչատրյանից փորձեց խլել հեռախոսը, կրկին վիրավորեց լրագրողներին՝ ասելով՝ սրանք էշ են:
Ընդ որում` հանձնաժողովի նախագահն ասաց, որ Արայիկ Գեւորգյանի հանգստի ժամն է: Մինչդեռ նա ընտրատեղամասում շրջում էր, լրագրողներին սպառնում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ