«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն այսօր հրատապ ասուլիս հրավիրեց՝ Աճառյան 22/2 հասցեում գտնվող Տարոն Մարգարյանի շտաբում տեղի ունեցած բռնությունների եւ միջադեպի առնչությամբ:
Ասուլիսում Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ նաեւ 9/46 տեղամասի չհրկիզվող պահարանները տեղափոխելուն: Նա ասաց, որ որեւէ պաշտոնական պարզաբանում դրա հետ կապված իրենք չեն ստացել: Ըստ նրա, դա արդեն իսկ ցույց է տալիս, որ ընտրությունները սկսել են կեղծիքով:
Մեր հարցին, որ 9/46-ում չհրկիզվող պահարանների հետ կապված «Ելք» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն այցելել էր այդ տեղամաս եւ հայտարարել, որ այնտեղ եղել է եւս մեկ պահարան, այսինքն, խախտում չկա, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ իրեն չի հետաքրքրում Դավիթ Խաժակյանի հայտարարությունը. «Ոստիկանություն այդ պահին, այդ ժամին իրավունք չուներ այդտեղ կատարել որեւիցե գործողություն: Արել են՝ կան փաստեր, իրենց տեսախցիկներն են դա արձանագրել»:
Նա ասաց, որ մի շարք տեղամասերում էլ տեսախցիկների խափանում է տեղի ունեցել. «Չեմ կարող բացառել, որ այլ ընտրատեղամասերից նույն ընտրակեղծարարություն է տեղի ունեցել»:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը Զարուհի Փոստանջյանի՝ Տարոն Մարգարյանի շտաբում միջադեպի հետ կապված ասել էր, որ Փոստանջյանը խախտել է ՀՀԿ-ի ընտրական իրավունքը, իր մրցակցին թույլ չի տվել իրականացնել պասիվ ընտրական իրավունքը:
Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ընտրակեղծարարությունը ընտրական պասիվ իրավունք չէ. «Եթե պասիվ գործողությունը ընտրակաշառք բաժանելն է եւ ընտրակաշառքի ցուցակները պարտակելը, ապա ես այդպես չեմ կարծում: Պրն Մուկուչյանը իրավաբան է եւ շատ լավ գիտի, որ այդ գործողությունները պարունակում են հանցակազմ: Պարոն Մուկուչյանին խորհուրդ եմ տալիս, որ ինքը դիմի իրավապահ մարմիններին եւ այդ անձանց կանչի պատասխանատվության: Եվ նա անպայման պիտի գործառույթ սկսի եւ դադարեցնի ՀՀԿ-ի գրանցումն ու մասնակցությունը, ՀՀԿ-ին ճանաչի անօրինական գործող կառույց եւ ընտրություններին մասնակից»:
Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ այս ամենը ձեր դեմ կշրջվի՝ նա պատասխանեց, որ չեն վախենում ոչնչից, թող փորձեն. «Մենք շատ ուժեղ մարզված ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ