Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Երեւանն աննորմալ քաղաք է»

Մայիս 14,2017 17:31

Մայիսի 14-ին Մեդիա կենտրոնում հյուրընկալվել էին Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը եւ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը:

«Չուզենալով վատատեսի տպավորություն թողնել, չեմ կարողանում մի բան լավ առանձնացնել, որ արել են կառավարիչները: Երեւանը շատ աղճատվեց, ոգին, մայրաքաղաքային մթնոլորտը, դարասկզբի ճարտարապետությունը եւ լուծումները նկատի ունենալով, ասեմ, որ Երեւանն ավերվել է: Չկա ճաշակ, սեր Երեւանի նկատմամբ, ես անընդհատ ապրում եմ այս քաղաքում եւ առնչվում եմ այդ չսիրո հետ: Քաղաքացիներից մի մասի ներքին ըմբոստությունն է գաղջությունից փրկում մեր կյանքը…Նայեք շենքների ձեղնահարկերին… ովքե՞ր են ավերողները կամ օղակաձեւ զբոսայգին…Սիրո ահռելի պակասի փայլուն ապացույցն են Օղակաձեւ զբոսայգու, Աֆրիկյանների տան ճակատագիրը…»,-նշեց տիկին Թուխիկյանը:

Ռուբեն Բաբայանն ասաց, որ կան նաեւ ձեռքբերումներ, ինչպես Մատենադարանի նոր շենքը: Մյուս կողմից էլ հավելեց. «Կործանիչը գավառամտություննն է, որը տարածված է մեր ամբողջ կյանքում: Մենք կառուցում ենք քաղաք, որ կառուցում էին 19-րդ դարում: Այս քաղաքը հիվանդ է, մեր ծառերը հիվանդ են, դա նշանակում է, որ մենք անհեռատես ենք, ժամանակավոր ապրողի կարգավիճակում ենք, որը չի մտածում եկող սերնդի մասին: Հաճախակի խոսում ենք քաղաքապետի ընտրության մասին, բայց մոռանում ենք, որ կա ձեւական բնույթ կրող ավագանի: Ո՞վ է որոշում, որ շենքը, որտեղ պետք է կառուցվի, ի՞նչ արձան տեղադրվի: Երեւանում արձանաշինությունը գերեզմանատան ճաշակով է արվում: Չնայած կան նաեւ հաջողված արձաններ, ինչպես Առնո Բաբաջանյանի արձանը, որը սվիններով ընդունվեց»:

Պարոն Բաբայանի խոսքով. « Պետք է ընդունենք, որ այս հողակտորի վրա սկսել ենք զրոյից, ինչքան էլ փառաբանենք մեր պատմությունը: Ըստ իս, Երեւանն աննորմալ քաղաք է, հավաքել հանրապետության կեսը մեկ քաղաքում, ճիշտ չէ, չի կարելի: Կենտրոնացումը եւս գավառամտություն է»:

Ըստ Նարինե Թուխիկյանի, չերեւացող խնդիրներից ամենասոսկալին նորակառույցների սեյսմիկ վիճակն է. «Մենք գիտենք ինչ գոտում ենք ապրում»:

Նա եւս անդրադարձավ քանդակներին, հավելելով, որ Երեւանը պակաս ունի Արտո Չաքմաքչյանի քանդակների: «Այդ մարդուն ուղղակի ճանապարհ դրեցին այստեղից, ասելով, որ գնա, մենք, քո արվեստը չենք հասկանում»,-ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է այգիներին, ասում է` դրանք ուղղակի գողացվեցին երեխաներից, եւ հիմա ասֆալտի վրա անհասկանալի շախմատ է` կիզիչ արեւի տակ, միջինասիական ոճով ժամացույցներ ու բուլվարում թաղարների մեջ աճեցված ծառեր:

Ռուբեն Բաբայանը համոզված է, որ Երեւանի կենտրոնում պետք է արգելել շինարարությունը, քանի որ մայրաքաղաքի արվարձանները Ստալինգրադի տպավորություն են թողնում`պատերազմից հետո:

Նարինե Թուխիկյանը նաեւ ընդգծեց, որ չի կարելի ցածրակարգ երգիչների հրավիրել ու նրանց համերգներն իրականացնել Երեւանում, այդ երգիչ-երգչուհիները կիսամերկ երգեն-պարեն, դեռ մի բան էլ առաջին շարքում Նախագահը, Առաջին տիկինը եւ կաթողիկոսը նստեն: Նրա որակմամբ, դա եւս քաղքենիության եւ գավառամտության դրսեւորում է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031