«Ես այնտեղ բռնի ուժի ականատես չեմ եղել, ոստիկանության գործողությունները իրավաչափ էին»,- քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողներին ասաց գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին ՀՀԿ նախընտրական շտաբից ոստիկանների կողմից բռնի ուժի կիրառմամբ դուրս հրավիրելը իրավաչափ էր:
Հիշեցնենք, որ քիչ առաջ միջադեպ է գրանցվել, Զարուհի Փոստանջյանին ոստիկանները բռնությամբ դուրս են հրավիրել շտաբից ու բռնությամբ փորձել են նստեցնել ոստիկանական մեքենա բերման ենթարկելու համար:
Նրա խոսքով, աշխատանքային խմբի տեսադաշտում է այդ տեսանյութը և օնլայն ռեժիմով աշխատանքային խումբը դիտարկել է. «Դրա հետ կապված ոստիկանության Նոր Նորքի բաժնում քաղաքացու կողմից տրվել է հաղորդում և այդ տեսանյութի հետ կապված համապատասխան ստուգողական գործողություններ կատարելուց հետո, նոր իրավական գնահատականի մասին կարող ենք խոսել: Այս պահին վաղ է իրավական գնահատականի մասին դատողություններ կատարել: Ես այնտեղ բռնի ուժի ականատես չեմ եղել, այնտեղ ընդամենը որոշակի դատական գործընթաց պետք է տեղի ունենար և տեղի ունենալու պարագայում պետք է տեղի ունենար քրեական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ: Ոստիկանության գործողությունները, իհարկե, իրավաչափ էին: Այն, ինչ տեղի ունեցավ այնտեղ, շտաբից դուրս հրավիրելու՝ շտաբում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձանց, ես կարծում եմ՝ համենայնդեպս քրեական դատավարության օրենսդրության տեսանկյունից իրավաչափ էին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ