Ինչպես տեղեկացրել ենք, Ավանում՝ Աճառյան փողոցում Տարոն Մարգարյանի շտաբում լարված իրավիճակ էր: Զարուհի Փոստանջյանը ահազանգ էր ստացել, որ շտաբում ընտրակաշառք են բաժանում եւ ցուցակները պահվում են դարակում:
Փոստանջյանը, երբ փորձել էր հանել այդ փաստաթղթերը դարակից, նրա եւ նրա աղջկա վրա հարձակում էին գործել:
Մեր ներկայության պահին շտաբի ՀՀԿ-ական անդամը վստահեցնում էր, որ Փոստանջյանն ինքն է հարձակվել իր վրա եւ բռնություն է կիրառել, պատռել է իր բաճկոնը: Թե ինչու թույլ չի տալիս փաստաթղթերը հանել, եթե այնտեղ ոչ մի գաղտնի բան չկա՝ ՀՀԿ-ականն ասում էր՝ սկզբունքի հարց է. «Դուք իրավունք չունեք մտնեք ու ՀՀԿ-ի իմ ընկերներին գող ավազակ անվանեք: Տարոն Մարգարյանն իմ ընկերն է, ինձ ու Տարոն Մարգարյանին գող, սրիկա, ինչ ասես չի ասում, իրավունք ունի՞»:
ՀՀԿ-ի տարածքային ղեկավար, Երեւանի ավագանու ՀՀԿ թեկնածու Մանվել Ջավադյանը Փոստանջյանին եւ «Երկիր Ծիրանիի» անդամներին փորձում էր շտաբից դուրս անել. «Ազատեք մեզ ձեր տհաճ ներկայությունից, դուք հենք հիմա խոչընդոտում եք ՀՀԿ-ի աշխատանքը ընտրություններում»:
Զարուհի Փոստանջյանի աղջկան էլ ասում էին՝ դու գոնե գնաս, ընտանիք կազմես, երեխա ունենաս, եկել ես շտաբ:
ՀՀԿ-ականի խոսքերով՝ Զարուհի Փոստանջյանը շառ է անում. «Հետո էլ կասեն՝ բռնաբարեցինք: Մի քանի անգամ ոտքերիս վրա են կանգնել, կարելի ա չէ՞ ուրիշ ձեւ լինել, չեք եկել թշնամու զորք հաղթելու, ճղելը ո՞րն ա, ո՞վ իրավունք ունի գա ինձ նեղացնի, գող անվանի, սրիկա անի, հետո էլ ասի՝ ի՞նչ եմ անում, որ, ընդամենը ուզում էի դարակը նայել»:
Զարուհի Փոստանջյանն ասաց. «Այստեղ ընտրակեղծարարության փաստերն են, դարակներ չեն ընդամենը: Մինչեւ այս դարակները չբացվեն՝ մենք չենք գնալու այստեղից»:
Այդ պահին ժամանեց Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետը: Նա ասաց, որ կատարվածի մասին հաղորդում է եղել ու հորդորեց դուրս գալ տարածքից, որ ոստիկանների գործողությունները չխոչընդոտվեն. «Թողեք ոստիկանությունը աշխատի, պետք չի շոու անել»:
ՀՀԿ-ականը ընթացքում բորբոքվեց՝ «Դու ով ես վաբշե»:
Ինչպես տեղեկացրել ենք, ոստիկանները լրագրողներին դուրս անելուց հետո քիչ անց բռնի ուժով դուրս բերեցին նաեւ Զարուհի Փոստանջյանին եւ նրա աղջկան:
Մենք այս պահին «Երկիր Ծիրանիի» շտաբում ենք: Զարուհի Փոստանջյանն ու նրա դուստրը շուտով ասուլիսով են հանդես գալու: Նրանք մեզ ցույց տվեցին իրենց թեւերը, ձեռքերը, որոնք ճանկռոտված էին, կարմրած:
Այն ժամանակ, երբ Զարուհի Փոստանջյանը տեսավ, որ իր աղջկան նույնպես բռնի ուժով հանեցին, նստեցրին ոստիկանական մեքենան՝ ոստիկաններին նետեց. «Այսպիսի դարակներ եւ կեղծարարություն՝ հազարավոր գրասենյակներում են: Ես հայտարարում եմ, որ համատարած կեղծվել են ընտրությունները, իմ նկատմամբ կիրառվել է բռնություն: Ժողովրդի գրպանն եք դուք մտել, 1 մլն մարդ սոված ա»:
Մեր հարցին՝ եթե թաքցնելու բան չունեք, ինչո՞ւ եք թաքցնում այդ ցուցակները, թույլ չեք տալիս տեսնենք՝ ՀՀԿ-ի տարածքային ղեկավարը պատասխանեց, թե ցուցակներում Զարուհի Փոստանջյանի մտերիմների անուններն են, չի ուզում նրանց իրավունքները խախտվի:
Փոստանջյանի թիմակիցները զարմանում էին ոստիկանների անգործության վրա՝ ո՞նց կարելի է քաղաքապետի թեկնածուին այսպես հանել դուրս:
Զարուհի Փոստանջյանը բղավում էր՝ «չեք մարսելու, դուք էնքան թույլ եք, որ չթողեցիք ընտրակեղծարարության փաստերը հրապարակենք: Ոստիկանները թղթերը տարան: Անուն-ազգանուններով ապացույցներն էին, ում ինչ ընտրակաշառք պետք է տան, ստուգում էին՝ ով է գնացել ընտրատեղամաս, ով չի գնացել: Խուժաններ, սա չե՞ք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
100% ծրագրուած էր այս միջադէպը, ի սկզբանէ:
Սա ճիշդ ուզածն ու ճշգրիտ ցանկացածն էր Տիկին Փոստանջեանին
– թերեւս միայկ յաւելեալ յոյսը որ ունէր այն էր որ իր եւ դուստրին վէրքերը մի քիչ աւելի իսկական կամ լուրջ լինէին…. –
Լաւապէս գիտնալով որ իր խմբակը ջախջախուելու է ընտրութեան արդիւնքներում, նպատակը՝ խլրտում ստեղծել էր, կամայական կասկածներ արծարծել յիշեալ արդիւնքների վերաբերեալ, ջանալ նորէն ժողովուրդը տաքացնել, գրգռել, «յեղափոխութիւն» սերմանել, երկրի պատկերը վարկաբեկել աշխարհի աչքին, եւայլն.
Անշուշտ լրագրողներն ալ, անուսափելիօրէն – պարզապէս իրենց գործի կատարումով -, նախատեսուած դերակատարներ էին այս ծրագրին մէջ:
Շա՜տ լաւ սովորած, մարզուած, հմուտ ու վարպետ գործիչ է, այս Տիկինը: Պատրաստակամ՝ մինչեւ իսկ ջահել դուրստրը գործածելու, ճշտուած նպատակներին համար:
Իսկապէս սխալ կը լինի ստորագնահատել այս անձի արտակարգ կարողութիւնները, իր յատուկ առաքելութեան մէջ:
Մադլեն Օ՛Բրայթի շկոլան է ))))))