Թիվ 133 մանկապարտեզի շենքում տեղակայված 8/16 ընտրատեղամասում, որտեղ այսօր քվեարկել էր «ԵԼՔ»-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, նույն դաշինքի վստահված անձ Վահե Այրումյանը նկատել է, որ քաղաքացիների մի մասը «սեփական» գրիչներով է գալիս քվեարկության:
«Շատերն ընտրության են գալիս գրիչներով: Ինչու եմ ենթադրում եմ, որ գրիչները ոչ թե կապույտ են այլ, գունավոր, որովհետեւ մի դեպքում կինը քվեաթերթիկը չէր դրել ծրարի մեջ եւ այդպես դուրս եկավ՝ ՀՀԿ-ի օգտին կարմիր «պտիչկա» արած: Մյուսների մոտ սեւ ու կարմիր գրիչներ էին»,-Aravot.am-ին պատմեց Վահե Այրումյանը:
«Որ հարցնում եմ, թե ինչու են գալիս գրիչներով, ասում են, թե չեն վստահում տեղամասի գրիչներին»,-հավելեց նա:
Վահեն նկատել է մի գործոն, որն, ըստ իրեն, ուղղորդված քվեարկության է հանգեցնում. «Խոսքը ՀՀԿ-ի վստահված անձի մասին է: Նա հիսուն տարի՝ այստեղ է ապրում, բոլորին ճանաչում է, մեկին շնորհավորում է, մյուսին ցավակցում…տպավորություն է, որ բոլորը բոլորին ճանաչում են, բացի ինձանից»:
ՀՀԿ վստահված անձը (լուսանկարում) Aravot.am-ի հետ զրուցել հրաժարվեց: Հանձնաժողովի նախագահ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անժելա Գյուզալյանն էլ մեզ զրույցում նկատեց՝ իրավունք չունի մուտք գործել քվեախուց եւ տեսնել, թե ինչ գրիչով է քվեարկել քաղաքացին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
(Գրիչով տեղամաս եկած քաղաքացու լուսանկարն Aravot.am-ին տրամադրել է Վահե Այրումյանը)