Քիչ առաջ Աճառյան 22 հասցեում գտնվող Տարոն Մարգարյանի շտաբից քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին ոստիկանները բռնի ուժով, ձեռքն ու ոտքը բռնած՝ դուրս արեցին: Նրան փորձում էին բերման ենթարկել ոստիկանություն:
Այս շտաբի հետ կապված Զարուհի Փոստանջյանը ահազանգ էր ստացել, որ ընտրակաշառք են բաժանում եւ մտել է շտաբ այն պահին, երբ ցուցակներն են ճշտել, թե ում ինչքան փող են տվել, ով է քվեարկել եւ այլն: Ցուցակները պահել են շտաբի դարակում: Փոստանջյանը փորձել է վերցնել այդ փաստաթղթերը: Նա վստահեցնում է, որ շտաբի անդամները հարձակվել են իր վրա: Փոստանջյանը ԶԼՄ-ներին ցույց էր տալիս իր թեւերը կարմրած, վստահեցնում էր, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել:
Դեպքի վայր ժամանեց Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետը: Նա ԶԼՄ-ներին դուրս արեց տարածքից՝ վստահեցնելով, որ տուժողի եւ թեկնածուի հետ բոլորի ներկայությամբ դարակները կբացեն եւ կիմանան՝ հանցագործության փաստեր կա՞ն այնտեղ, թե՞ ոչ:
Մի քանի րոպե անց արդեն տեսանք Փոստանջյանին եւ նրա աղջկան՝ Լիլիթին ինչպես են գրկած դուրս հանում:
Լիլիթին նստեցրին ոստիկանական մեքենա եւ տարան բաժին: Զարուհի Փոստանջյանին չհաջողվեց բերման ենթարկել, ոստիկանները փորձեցին բռնի ուժով նրան նստեցնել մեքենա:
Փոստանջյանին ջուր հասցրեցին:
Ավելի ուշ տեղեկացանք, որ Լիլիթին ոստիկանական մեքենայից բաց են թողել ու բաժին չեն հասցրել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ