Այսօր Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու եկած քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանից լրագրողները հետաքրքրվեցին` ով էր մտածել «բազե» «պառոլը»: Տարոն Մարգարյանն ասաց` մենք հանրապետականի շտաբից հայտարարություն ենք տարածել, որ նման բան չկա:
Հարցրին նաեւ, թե ինչու հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից, ինչին պատասխան, պարոն Մարգարյանն ասաց` «Հարգելիներս այդ հարցին էլ եմ պատասխանել, բայց եւս մեկ անգամ էլ կպատասխանեմ: Մենք նախընտրել էինք, որ մեր երեւանցիներին ներկայացնեինք մեր նախընտրական ծրագիրը եւ նաեւ հաշվետու լինեինք մեր վերջին 4 տարիներին կատարած աշխատանքի համար: Եվ շուրջ 100 բակային հանդիպումներ ենք ունեցել, եւ փորձել ենք հնարավորինս մեր նախընտրական ծրագրերը ներկայացնել: Մենք ավելի հակված ենք բնակչության հետ մեր նախընտրական ծրագրերը ներկայացնել, քանց թե..»
Հարցին, բայց ինչո՞ւ եք խուսափում բանավեճից, պատասխանեց` չենք խուսափել, հստակ մեր պատասխանը եղել է:
Տարոն Մարգարյանին հարցրին, թե ՀՀԿ-ի շուրջ տեղի ունեցած վերջին բացահայտումներն արդյոք չե՞ն վարկաբեկում ՀՀԿ-ին, պարոն Մարգարյանը պատասխանեց. «Մենք կոչ ենք արել, որ նորմալ քարոզչություն անեն եւ մեկս մյուսի վրա ցեխ չնետենք: Նրանց մոտեցումն է, տեսաք հանրապետականն իր քարոզչությունը ոնց տարավ եւ մենք գնահատում ենք շատ նորմալ քարոզչություն եւ արդյունքներն ընդամենը մի քանի ժամ հետո կտեսնեք»:
Հետաքրքրվեցին նաեւ թե ինչո՞ւ վեց տարվա ընթացքում, հասարակական տրանսպորտի վիճակը չի բարելավվել, որից 4 տարին Տարոն Մարգարյանը քաղաքապետ է եղել, այս հարցին էլ Տարոն Մարգարյանն այսպես պատասխանեց` «Երբ հետեւեիք իմ քարոզչությանը` կտեսնեիք այդ հարցին ինչ պատասխան եմ տվել, ինչպես եմ դրա լուծումը պատկերացնում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ