Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանն իր որդու եւ վարչապետի մասին. «Ինքս շատ մոտ եմ վարչապետի հետ»

Մայիս 14,2017 13:54

ՀՀ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը Երեւանի ավագանու ընտրությունների թիվ 6/01 ընտրատեղամասում, ինչպես ինքն ասաց, բոլոր հայերի մայրաքաղաքի օգտին քվեարկելուց հետո, պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:

Դուք վերցրեցիք ԱԺ մանդատը: Հավանականություն կա՞, որ կրկին կլինենք ԱԺ նախագահը՝ հաշվի առնելով, որ նախկին խորհրդարանում աշխատելու ընթացքում առողջական ինչ-ինչ խնդիրներ ունեիք:

-Ես կարծում էի, թե այսօրվանից հարցեր պետք է տայիք: Բայց այդ հարցերը չենք քննարկել: Դա կլինի մայիսի 16-ին կամ 17-ին:

Ձեր որդին՝ Արման Սահակյանը, ինքնաբացարկ ներկայացրեց: Ասում են՝ ԱԺ-ում արգելվում է նույն ընտանիքից երկու հոգի լինել:

-Ես ու իմ տղան եղել ենք պատգամավոր եւ շատ լավ աշխատել ենք: Պարզապես, ինքը գործադիրում աշխատելու ավելի մեծ տրամադրվածություն ունի: Ասում է՝ երկու տեղն էլ կարող եմ աշխատել: Բայց գործադիր գնալն իր համար հավանական մոտեցում էր:

Վարչապետի սրտով դա այնքան էլ չի եղել: Կա՞ նման բան: Այդ մասին անգամ հրապարակվեց:

-Դրանք ասեկոսեներ են: Ես երկու որդի ունեմ եւ որեւէ մեկը չի կարող նրանց տհաճ խոսակցությունների մեջ դնել, քանի որ նրանք ապրում են շատ բարեխիղճ եւ բարի: Նման խնդիրներ չկան, առավել եւս՝ ես ինքս շատ մոտ եմ վարչապետի հետ:

-Եթե ձեզ առաջադրեն Ազգային ժողովի նախագահ, կհամաձայնե՞ք, թե երիտասարդներին ճանապարհը կզիջեք:

-Ազգային ժողովում մեծ փորձություն ունեցող մարդիկ պիտի լինեն: Աշխարհի Ազգային ժողովներն են էդպիսին: Բայց կուզեմ, թե չեմ ուզի, դա քննարկման արդյունքներից է կախված: Եվ չեմ կարծում, որ իմ ԱԺ նախագահ լինելով մեծ դիրքորոշումներ են փոխվելու: Այնպես որ, պիտի սպասեք մայիսի 16-ին կամ 17-ին:

-Անդրադառնանք Երեւանի ավագանու ընտրություններին: Երկու օր է խոսվում է, որ Հանրապետականը ցուցակագրումներ է անում, ընտրակաշառք է բաժանում: Նիկոլ Փաշինյանը հրապարակեց այդ ցուցակները: Դա ինչպե՞ս եք դիտարկում:

-Կարծում եմ՝ տարիները կանցնեն եւ այդ բոլորը ծիծաղելի կդառնա: Այս անգամ մենք կարողացել ենք ընտրական այնպիսի գործունեություն սկսել՝ Ազգային ժողովի ու Երեւան քաղաքի ավագանու, որտեղ խախտումներ բացարձակապես չեն լինելու: Դա ընդունում են եւ ընդդիմությունը եւ աշխարհի բոլոր դիտորդները: Մնացածն ընդդիմադիր ճակատի գործունեության հետեւանք է, որով փաստում են, որ իրենք էլ մասնակցում են ընտրություններին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031