Ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանի տվյալներով, քարոզարշավի ընթացքում ոստիկանությունը ստացել է 19 ահազանգ, որոնցից մեկով քրեական գործի հարուցումը մերժվել է, երեք ահազանգով նյութեր են նախապատրաստվում, ութ դեպք ստուգմամբ դեռեւս չի հիմնավորվել, վեց դեպք գտնվում է ստուգման փուլում, իսկ մեկ դեպք ուղարկվել է ոստիկանության ՃՈ ծառայություն:
Ըստ պաշտոնյայի, 19 դեպքից 2-ը ստացվել են քաղաքացիներից, մեկը՝ ոստիկանի զեկուցագրի հիման վրա, 4-ը ԶԼՄ-ներից, 2-ը լրագրողներից, 10-ը ահազանգը՝ կուսակցություններից կամ կուսակցությունների դաշինքից:
Պարոն Հակոբյանի խոսքով, ստացված ահազանգերից երեքը վերաբերել են ընտրական խոստումներին, մեկը՝ընտրակաշառք ստանալուն, երկու դեպք՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացման խոչընդոտմանը, երկու դեպք եղել է խուլիգանական արարք, բռնություն կամ ծեծ, մեկը ՝ հանձնաժողովականի լիազորությունների խոչընդոտմանն է վերաբերել, գրանցվել է լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտման մեկ դեպք, ինն դեպքն էլ ՝այլ ընտրախախտումներ են եղել:
Այսօր՝ քվեարկության օրը, ըստ պաշտոնյայի, ոստիկանությունում ստացվել է 7 ահազանգ, բոլոր ահազանգերը գտնվում են ստուգման փուլում, դրանցից երկուսը ստացվել են քաղաքացիներից, երկուսը՝ ոստիկանների եւ հինգը քաղաքական ուժերից: Յոթ դեպքերից մեկը վերաբերում է հանձնաժողովականի կամ վստահված անձի, դիտորդի աշխատանքը խոչընդոտելուն, մեկ դեպքը վերաբերում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, մեկ դեպքը քվեարկության գաղտնիության խախտում է եղել, եւ չորս դեպք էլ վերաբերում է այլ ընտրախախտումների:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ