Քիչ առաջ մայրաքաղաքի 9/18 տեղամասում «հանուն լավ Երեւանի» քվեարկություն կատարեց նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը եկել էր տիկնոջ հետ:
Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո նախագահը լրագրողների ընդամենը երկու հարցի պատասխանեց: Հարցին՝ ի՞նչ կփոխվի Երեւանում, եթե Տարոն Մարգարյանը կրկին քաղաքապետ դառնա, նախագահն ասաց, որ Երեւանը ավելի լավը կդառնա:
Մեկ այլ հարցի, որը վերաբերում էր ընտրակաշառքներին, նախագահ Սերժ Սարգսյանը չպատասխանեց:
Ի դեպ, այս տեղամասում ավանդաբար իր քաղաքացիական պարտքն է կատարում նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սակայն առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը առավոտյան լրատվամիջոցներին հայտնել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկություն չի կատարելու: Նկատենք, որ սա առաջին ընտրությունն է, որին Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցում: Մինչ այժմ կայացած թե համապետական, թե Երեւանի ավագանու բոլոր ընտրություններին առաջին նախագահը մասնակցել է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ