Aravot.am-ի հարցին՝ տեղյա՞կ էիք, որ ՊՊԾ գնդից ձեր համար ձայներ են հավաքագրում՝ հիշեցնելով Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի փաստաթղթեր էին գտնվել եւ դրանցից պարզ էր դառնում, որ ՊՊԾ գնդից ձայներ են ապահովում Տարոն Մարգարյանի համար, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ նման բան չկա, ինքը տեղյակ չէ եւ իրավապահները կզբաղվեն դրանով:
Այն դիտարկմանը, թե հանրապետականների քարոզարշավը ընթանում էր միջադեպերով, խախտումներով՝ կրկին հիշեցրին Նիկոլ Փաշինյանի հետ կապված վերջին դեպքերը, Տարոն Մարգարյանն ասաց, որ ամեն ինչ ընթանում է օրինական ճանապարհով:
Նա քվեարկեց Ավան թաղամասում տեղակայված թիվ 177 դպրոցի թիվ 1/19 ընտրատեղամասում: Տարոն Մարգարյանը ընտրության էր եկել մոր, տիկնոջ, քույրերի եւ երեխաների հետ:
Այն հարցին, թե ո՞ւմ է ընտրելում՝ Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ Զարուհի Փոստանջյանին, Տարոն Մարգարյանը պատասխանեց՝ հանուն Երեւանի:
Լրագրողներից մեկը նաեւ հարցրեց, թե ինչպես է կուտակել իր հարստությունը: Քաղաքապետն ասաց, որ ամեն ինչ հայտարարագրում կա: Aravot.am-ի հարցը՝ իսկ հայտարարագրված հարստությո՞ւնը ինչ ճանապարհով է կուտակել, Տարոն Մարգարյանը թողեց անպատասխան:
Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում իր շանսերը: «Քիչ մնաց, ընտրությունները կավարտվեն՝ կտեսնենք»,- եղավ պատասխանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ