Մալաթիա-Սեբաստիա համայնքում 7/46 ընտրատեղամասում մեր տեսախցիկն արձանագրեց բաց քվեարկության բազմաթիվ դեպքեր:
Ընտրողները քվեարկելուց հետո քվեաթերթիկը ցուցադրում էին քվեատուփի կողքին նստած հանձնաժողովականներին, մասնավորապես, «Հայկական վերածնունդ» կուսակցության հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանն էր այնտեղ:
Հանձնաժողովի նախագահն այս ընտրատեղամասում ՀՅԴ-ական էր: Երբ ՀՀԿ-ի օգտին քվեարկած ընտրողը հերթական անգամ քվեաթերթիկը ցուցադրեց, հանձնաժողովի նախագահին հարցրեցինք՝ չե՞ք գրանցում բաց քվեարկության դեպքը, նա պատասխանեց. «Բաց չի, մենք չէինք նայում»:
Ավելի ուշ նա սաստեց ընտրողներին, որոնք ցուցադրում էին իրենց քվեաթերթիկները. «Սրանից հետո ոչ մեկը բաց չքվեարկի, գնացել ես էն մարդուն ցույց ես տալիս, որ ի՞նչ, գնայիր հետեւը՝ հարյուր անգամ ասել ենք»:
Ընտրողը, որի վրա բաց քվեարկության ժամանակ բարկացել էր հանձնաժողովի նախագահը, միամտաբար ասաց. «Բա չիմանա՞ն ում եմ քվեարկում»:
Հանձնաժողովի նախագահը արձագանքեց. «Խի՞ իմանան, չի թույլատրվում: Հիմա վերցնեմ, պատռեմ գցեմ մի կողմ, անվավեր սարքե՞մ»:
Մենք այդ ընտրողին հարցրեցինք՝ ինչո՞ւ եք ուզում իմանան, թե ում եք ընտրել, նա պատասխանեց. «Ուզում են իմանան, ուզում են չիմանան, մեկ ա, ես ում պիտի ընտրեմ՝ ընտրել եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ