Եկել է ընտրատեղամաս՝ ՀՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկով
Թիվ 5/7 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ մի տարեց կին տեղամաս է մտել Հանրապետական կուսակցության օգտին քվեարկած քվեաթեթիկի ձևանմուշով:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, որի արդյունքում վերջինս պատռել է քվեաթերթիկի նմուշը։
Դիտորդը պահանջել է գրանցել խախտման վերաբերյալ գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, սակայն քարտուղարը հրաժարվել է գրանցել խախտումը պատճառաբանելով, որ խախտում տեղի չի ունեցել:
Կրկնակի քվեարկության փորձ
4/8 տեղամասի դիտորդ Աննա Մայիսի Ջավուկցյանը հայտնում է, որ ժամը 10:15 սահմաններում տեղամասում տեղի է ունեցել կրկնակի քվեարկության փորձ․ Թաշչյան Անժելա անունով մեկ կին եկել է տեղամաս որպես օգնող՝ տարեց տղամարդու քվեարկելուն օգնելու նպատակով, քանի որ վերջինս տեսողության խնդիր ուներ: Տարեց մարդու անձնագիրը սարքով անցկացնելուց հետո նշված կինը տվել է նաև իր անձնագիրը, սարքի էկրանին վառվել է կարմիր նշանը, պարզվել է, որ նա արդեն քվեարկել է: Օգնող կնոջ վարկածի համաձայն նա ըստ մասնագետի պահանջի է շփոթված տվել անձնագիրը: Գրանցամատյանում դեպքը գրանցվել է, սակայն որպես պատահականություն:
Ընտրողներին բերում են «Z» տաքսի ծառայության ավտոմեքենաներով
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն ահազանգեր է ստանում քաղաքացիներից:
Քաղաքացին ժամը 11:05-ի սահմաններում զանգահարելով ԻԵՄ գրասենյակ ահազանգում է, որ թիվ 1/20 տեղամասում քաղաքացիներին քվեարկության են բերում միկրոավտոբուսներով, որոնց ապակիները ամբողջությամբ փակ են և «Z» տաքսի ծառայության ավտոմեքենաներով։ Քաղաքացիներին իջեցնում են կամ հենց տեղամասի դիմաց կամ մի փոքր հեռավորության վրա։
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հաղորդագրություն