Այսօր Երեւանի ավագանու ընտրություններն են. թիվ 4/53 ընտրատեղամասում վարչապետ Կարեն Կարապետյանը կատարեց իր ընտրությունը:
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով օրերս «Ելք» դաշինքի բացահայտած ենթադրյալ ընտրակաշառքների բաժանման փաստաթղթերի մասին հարցին, վարչապետն ասաց՝ «Չեմ տեսել, լսել եմ»:
Կարեն Կարապետյանն այն կարծիքին է, որ Հայաստանում ընտրությունները տարեց տարի ավելի արդար են, ավելի թափանցիկ: Այնուամենայնիվ, «Ելքի» հայտարարած ընտրակաշառքների բաժանման դեպքի մասին, վարչապետը կասկած հայտնեց. «Բոլոր ընտրությունների ժամանակ որոշակի նման դեպքեր լինում են: Բայց մենք վստա՞հ ենք, որ դա ընտրակաշառք է, իրավապահ մարմինները դրանով զբաղվում են: Մենք մի նյութով, մի թղթով միանգամից եզրակացություն ենք անում: Մենք ուզո՞ւմ ենք, չէ իրավական երկիր դառնանք, եկեք սպասենք, թե իրավապահ մարմիններն ինչ կասեն»:
Հարցին՝ օրերս Կարեն Կարապետյանը Ավստրիայի հանրային ռադիոյի թղթակցի հետ հարցազրուցում ասել էր, որ 2018-ից հետո էլ պատրաստ է մնալ վարչապետի պաշտոնում, արդյոք սա վարչապետի ցանկություն է, թե նախագահ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն կա, Կարապետյանն այսպես պատասխանեց. «Հարազատներ ջան, կարելի՞ ա էդ հարցի շուրջ գրել ամեն օր գրել: Կտեսնենք»:
Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի խնդիրների մասին հարցին էլ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց՝ «Համարում եմ շատ վատ ձեւ մարդկանց տեղափոխման համար: Այդ իսկ պատճառով, վստահ եմ, Տարոն Մարգարյանն այդ հարցի շուրջ իր տեսլականը կիրականացնի: Մենք սահմանափակ ֆինանսական կարողություններ ունենք: Հերթով իրականացնելու ենք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ