Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց ԵՄ դեսպանին այդ լավատեսությունը

Մայիս 14,2017 14:30

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ

Անժելա Խաչատրյանի համոզմամբ`
տեխնիկական սարքերը չէ, որ պետք է բացահայտեին ՀՀ ԱԺ ընտրություններին
գրանցված խախտումները, որոնք եղել են մինչեւ տեղամաս մտնելը:

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ ԱԺ ընտրությունների կազմակերպման տեխնիկական կողմին անդրադառնալով, նշել է, թե ընտրատեղամասերում տեսախցիկները եւ նույնականացման սարքերը շատ լավ աշխատել են, եւ իրենց ակնկալիքներից ավելին է եղել արդյունքը: Նա մասնավորապես հայտնել էր, թե «տեխնոլոգիան ավելի լավ է աշխատել, քան այլ երկրներում: Բնականաբար, եղել են որոշակի խնդիրներ, տրյուկներ, որոնք կապված են եղել ուղիղ հեռարձակման ընդհատման հետ, մատնահետքը ընթերցող սարքերի հետ, բայց մենք հիմա վերլուծում ենք բոլոր ստացված զեկույցները եւ գիտենք, որ դրանք իրենց արդարացրել են, մենք չափազանց բավարարված ենք, որ մեր գումարը լավ ծախսվել է»:

Մինչդեռ ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ոչ իշխանական ուժերից շատերը ընտրությունների կազմակերպման ընթացքում ահազանգում էին, օրինակ, տեսանկարահանող սարքերի անսարքության եւ այլ տեխնիկական խնդիրների մասին:
«Առավոտը» «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անժելա Խաչատրյանից հետաքրքրվեց` արդյոք դեսպանի գնահատականն արտացոլո՞ւմ է իրականությունը, նա պատասխանեց. «Մենք հետեւել ենք ընտրությունների ողջ ընթացքին եւ անսարքությունների մասին ժամանակ առ ժամանակ ահազանգել: Տեսախցիկների աշխատանքը երբեմն ընդհատվում էր, մանավանդ առավոտյան ժամերին դրանց աշխատանքը շատ վատ է եղել»:

Հարցին` ԵՄ դեսպանին որտեղի՞ց այդ լավատեսությունը, Անժելա Խաչատրյանը պատասխանեց. «ԵՄ-ի աջակցությամբ են այդ տեխնիկական սարքերը տեղադրվել ու առաջին անգամ կիրառվել, ուստի դեսպանը պետք է որ լավատես լինի»:
Սակայն ըստ Անժելա Խաչատրյանի` այս անգամ տեխնիկական սարքերը չէ, որ պետք է բացահայտեին բոլոր խախտումները, քանի որ բոլոր խախտումներն արվել են մինչեւ անձը կմտներ տեղամաս: Ուստի այս տեսանկյունից «Ազատ դեմոկրատներ»-ի անդամը բնական է համարում այն, որ դեսպանը, ով հետեւել է տեսախցիկների աշխատանքին, կունենար դրական մոտեցում: Անժելա Խաչատրյանն օրինակ բերեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հայտարարությունը` նշելով, թե դրանում ամրագրված էր, որ թեեւ տեխնիկական սարքերը ներդրվել են, բայց միայն դրանք բավարար չեն. «Ընտրակաշառքը, վարչական ռեսուրսի կիրառումն ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն են ունեցել, եւ դրանք չեն կիրառվել տեսանկարահանող սարքերի ներկայությամբ: Տեխնիկական սարքերը պարզ է, որ չեն արձանագրել ընտրակաշառքի բաժանումը, վարչական ռեսուրսի կիրառումը, մարդկանց մոտ վախի մթնոլորտի տարածումը, եւ, բնականաբար, դեսպանը հիմնվում է այդ սարքերի արձանագրածի վրա»:

Պյոտր Սվիտալսկին նաեւ վստահություն էր հայտնել, որ «հիմա հայերը գիտեն` այս տեխնոլոգիայով կարող են բավարար երաշխիքներ ունենալ, որ իրենց ձայնը չի գողացվում»: Այս առիթով Անժելա Խաչատրյանը մտահոգություն հայտնեց, թե որքան Ընտրական օրենսգիրքը, տեխնիկական միջոցների կիրառումը կատարելագործվում են, այնքան զանգվածային է դառնում ՀՀ ընտրական համակարգի համար չարիք դարձած ընտրակաշառքի բաժանումն իշխանությունների եւ որոշ ուժերի կողմից:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

13.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031