Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի քանդված ճանապարհներն ու տուրիզմը զարգացնելու մղումն անհամատեղելի են

Մայիս 14,2017 14:00

Զբոսաշրջության համար մեր երկրի փոքր քաղաքները պետք է գրավիչ դարձնել

Հայաստանում զբոսաշրջության ոլորտն իսկապես զարգացնելու համար պետք է ոլորտը դիվերսիֆիկացնել: «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը: Նա նկատեց՝ անընդհատ շեշտը դնել, թե Հայաստանը քրիստոնեությունն առաջինը ընդունած երկիրն է, եկեղեցիներով զարմացնելը կամ կրոնական տուրիզմով օտարերկրացիներին շահագրգռելով մեր երկիր այցելել վաղուց արդեն գրավիչ չէ:

Զբոսաշրջությունը զարգացնելու համար կառավարությունը վարկեր է վերցնում միջազգային կառույցներից, հայեցակարգ է մշակում, բայց արդյոք օտարերկրացին գովազդով գայթակղվելով եթե այցելի Հայաստան ու քանդուքարափ ճանապարհներով Երեւանից որեւէ մարզ ճանապարհվի՝ կցանկանա՞ եւս մեկ անգամ էլ այցելել կամ մեկ ուրիշին խորհուրդ կտա՞: Դժվար թե: Անգամ տեղացիներս որեւէ մարզ ճանապարհորդելուց հետո 2-րդ անգամ որպես զբոսաշրջային վայր խուսափում ենք այցելել հենց ճանապարհների անհարմարավետության եւ քանդուքարափ լինելու պատճառով:

Օրերս լրագրողների հետ զրույցում զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն էլ խոստովանեց, որ զբոսաշրջիկները դժգոհ են Հայաստանի ճանապարհներից: Զեյթունցյանն ասել էր. «2013 թվականին անցկացված զբոսաշրջային հետազոտությունների հիման վրա պարզվել է, որ զբոսաշրջիկների մոտ 98%-ը Հայաստանից շատ գոհ ու երջանիկ է մեկնում, բայց մեկ դժգոհություն կա՝ Հայաստանի ճանապարհներն են»: Իսկ որպեսզի Հայաստանի ճանապարհները բարվոք վիճակի բերվեն, ինչպես լրագրողներին վստահեցրել էր տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, մոտ 500 միլիարդ դրամի ներդրում է հարկավոր. «Մեր հնարավորությունները սահմանափակ են, անում ենք մաքսիմալ չափով»:

2018-ին, ինչպես ասել է Զեյթունցյանը, մեկնարկելու է Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որը Համաշխարհային բանկի տրամադրած 55 միլիոն դոլարի վարկով է իրականացվելու: Ծրագրով նախատեսվում է զբոսաշրջային վայրերի հարեւանությամբ տեղեկատվական կենտրոններ, զուգարաններ, հանգստի վայրեր ստեղծել: Ծրագրով նախատեսվում է Հաղպատ-Սանահին, Խոր Վիրապից մինչեւ Մեղրի ընկած ճանապարհահատվածը զբոսաշրջային ենթակառուցվածքներով ապահովել:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով՝ ենթակառուցվածքները շատ կարեւոր են, բայց դրանց զուգահեռ պետք է փորձենք դրական նոր «մեսիջներ» փոխանցել ու նոր «նիշաներ» գտնել. «Սա այն մասն է, որ մենք, որպես երկիր, կաղում ենք: Պետք է թիրախավորված ռազմավարություն, որը, ցավոք, չենք իրականացնում»: Մանուկյանը վերջերս զբոսաշրջության ոլորտի ուսումնասիրություն է կատարել, որը առաջիկայում պետք է ներկայացնի: Ուսումնասիրելով համաշխարհային փորձը՝ տնտեսագետը գտել է մեր երկրում այն թիրախը, որով նոր հնարավորություն է ստեղծվում օտարերկրացիներին հրավիրելու մեր երկիր:

Մանուկյանն ասաց, որ ոլորտի զարգացման համար կարեւոր է միջազգային զբոսաշրջային կառույցներում ներգրավված լինելը: Օրինակ՝ «Cittaslow» կազմակերպությունը:
«Սա տուրիզմի ոլորտում փոքր քաղաքի մոդելն է, որը կիրառելի է այն քաղաքների համար, որոնք ունեն 50 հազարից ցածր բնակչություն: Հայաստանի շատ քաղաքների համար այն կարելի է կիրառել: Սա տարածված է Իտալիայում, Լեհաստանում, մեր տարածաշրջանում՝ միայն Թուրքիայում: Փոքր քաղաքը գրավիչ դարձնելու կոնցեպցիան է, եւ քանի որ տուրիստների մեծ մասը տարեցներն են, որոնք, այսպես ասած, ըմբոշխնելու կողմնակիցն են, այս մոդելը մեզ մոտ էլ լավ կաշխատի: Հիմքում որակն է, էկոլոգիան, օրգանական սնունդը, ընդհուպ մինչեւ հեծանվային արշավները»:

«Cittaslow»-ին անդամակցում են աշխարհի մոտ 300 քաղաքներ, ըստ Մանուկյանի, այս կազմակերպությանը դիմելուց հետո, այսպես ասած՝ երկիրը կամ քաղաքը լոգո է ստանում, դա մի չափանիշ է, որով քաղաքը այցեքարտ է ստանում ներկայանալու որպես թիրախային զբոսաշրջիկների համար գրավիչ վայր:

Բայց նախքան այդ՝ անհրաժեշտ է ճիշտ փաթեթավորված ներկայացնել ապրանքը:
Մանուկյանն ասաց, որ իր ուսումնասիրության արդյունքում հանգել է այն մտքին, որ Վայոց ձորն ու Վայքը առայժմ ամենահարմարն են զբոսաշրջային փոքր քաղաքի մոդելը որպես պիլոտային ծրագիր ներդնելու համար: Մանուկյանի խոսքերով՝ «Այդ վայրերը շատ հարմար են թե՛ խաղողագործության, գինեգործության եւ թե՛ օրգանական սննդի առումով, լանդշաֆտն է հետաքրքիր, պատմական հուշարձաններ էլ կան: Այս մոդելը նաեւ հնարավորություն է տալիս տարածքների համաչափ զարգացման համար: Սա կարող է նոր գործիք լինել զբոսաշրջության զարգացման համար: Օրինակ՝ Թուրքիայի ծովամերձ քաղաքներն եմ ուսումնասիրել, այնտեղ մի փոքր քաղաքում հին թուրքական առեւտրային մթնոլորտ էին ստեղծել՝ տարազներով, ձեռքի աշխատանքներով»:

Տնտեսագետն այն կարծիքին է, որ աշխարհի խոշոր քաղաքները կորցնում են իրենց յուրահատկությունը, ներկայումս փոքր քաղաքի այդ մոդելը դառնում է ավելի պահանջված. «Այս մոդելը փոքր քաղաքներում միկրոբիզնեսի զարգացմանն էլ է նպաստում: Այսինքն՝ պետք է քաղաքային պատմության հետ կապված կոնցեպցիա ստեղծել, պետք է ճիշտ փաթեթավորենք եւ ներկայացնենք: Բայց սա պետական մակարդակով պետք է արվի եւ գովազդային արշավներում ներդրվի»:
Տնտեսագետի խոսքով՝ իր առաջարկած մոդելը զբոսաշրջությունը դիվերսիֆիկացնելն է, ոչ թե, ասենք, սփյուռքահայերին հայրենասիրության կոչերով հրավիրելը կամ իրանցիներին էլ սպասել հատուկ սեզոնին. «Եթե այդ մոդելը ներդրվի, Հայաստան այցելող զբոսաշրջիկներն էլ շատ տարբեր երկրներից կլինեն եւ ոչ միայն ծագումով հայեր: Պետք է նաեւ զբոսաշրջության սեզոնը դիվերսիֆիկացնել»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

13.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031