Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԿՊԻ-ն կհամագործակցի Լոձի կինոդպրոցի հետ

Մայիս 14,2017 13:00
film

Վերջերս Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) կինոյի, հեռուստատեսության եւ անիմացիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Անետա Երզնկյանը երեք ուսանողների հետ մեկնեց Լեհաստան՝ Վարշավա, որպեսզի մասնակցի աշխարհահռչակ Լոձի կինոդպրոցի 15-րդ փառատոնին:

Անետա Երզնկյանը իր տպավորությունների մասին պատմեց «Առավոտին»:
«Շատ տպավորված եմ այցով, փառատոնի շրջանակներում հանդիպեցինք Ադամ Միցկեւիչի ինստիտուտի ղեկավարության հետ,: Նախորդ տարի մեզ այցելեց մուլտիմեդիայի լավագույն մասնագետներից մեկը՝ Գժեգոժ Վացլավեկը: Ուրախ եմ, որ նման համաշխարհային անուն ունեցող մասնագետները մեզ հյուրընկալվում են: Այժմ մենք էինք մեկնել, այցելեցինք նաեւ Լոձի կինոդպրոց, որտեղ ծանոթացանք նրանց ստեղծագործական եւ տեխնիկական հնարավորություններին, որոնք, իհարկե, տպավորիչ էին»,- ասաց մեր զրուցակիցը: Լեհաստանում փառատոնային ֆիլմեր դիտելուց հետո Անետա Երզնկյանը եկել է այն եզրահանգմանը, որ հայ ուսանողների ֆիլմերը չեն զիջում լեհականին:

Ըստ Անետա Երզնկյանի, հայ ուսանողները եւս լավ պատրաստվածության մակարդակ ունեին: Նրա խոսքերով, Լոձի դպրոցի ներկայացուցիչները պատրաստ են համագործակցել ԵԹԿՊԻ-ի հետ եւ երկշաբաթյա հյուրընկալություն կազմակերպել հատուկ ծրագրերի շրջանակներում: Նախկինում Լոձի դպրոցի հետ համատեղ ֆիլմի ստեղծման փորձ արդեն կատարվել է, ծրագիրն անցկացվել է տարբեր երկրներում, եւ հայ ուսանողները շատ հետաքրքիր վավերագրական ֆիլմեր էին պատրաստել, որոնք հետագայում ցուցադրվեցին տարբեր փառատոներում:

Անետա Երզնկյանն առանձնապես չցանկացավ «բացել փակագծերը», բացառության կարգով «Առավոտին» պատմեց, որ մտադիր են շատ հետաքրքիր նախագիծ իրականացնել հաջորդ տարի, որին կմասնակցեն Լոձի կինոդպրոցի եւ ԵԹԿՊԻ- ի ուսանողները:
«Հաջորդ տարի Լեհաստանը նշելու է իր անկախության 100-րդ տարեդարձը: Այս ամենի շուրջ մեզ սկսեց հետաքրքրել ազատության, անկախության թեմաները: Հետաքրքրում է, թե ինչպիսին է զգացողությունը հայ եւ լեհ երիտասարդների մոտ այս հարցի շուրջ: Շատ կարծիքներ եւ գաղափարներ են ծագում քննարկումների արդյունքում, թե ինչ կստացվի, կտեսնենք հետագայում»,- հավելեց տիկին Երզնկյանը:

 

ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտ»

13.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031