Լրահոս
Օրվա լրահոսը

21-ամյա Լեւոն Հունանյանի մահվան գործով բողոք քննիչի եւ դատախազի դեմ

Մայիս 14,2017 13:30

2014թ. ապրիլի 13-ին, կիրակի օրը, ժամը 16:00-ի սահմաններում, Երեւանի Կաշեգործների 70 հասցեում գտնվող «Զեւս ստուդիա» ՍՊ ընկերության աշխատակից Լեւոն Դավիթի Հունանյանը ազատ տնտեսական գոտու տանիքից ցած է ընկել: Ըստ պաշտոնական տեղեկատվության, նա մեկ ժամ հետո հայտնաբերվել է, ապա տեղափոխվել 1-ին համալսարանական հիվանդանոց, որտեղ եւ մահացել է:
Հարուցվել է քրեական գործ, ապա կարճվել, փոխվել են երեք քննիչ, երկու դատախազ: Գործը մեկ անգամ էլ էր կարճվել, ապա քրեական գործի նախաքննություն էր սկսվել Երեւանի նախկին դատախազ Արթուր Դավթյանի որոշումով:

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ տուժողի իրավահաջորդ հայրը՝ Դավիթ Հունանյանն ու նրա շահերի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը ներկայացրեցին իրենց բողոքը: Թե կարճման որոշում կայացրած քննիչը, թե այն հաստատած դատախազը այդպես էլ չներկայացան դատարան: Կողմը պահանջում էր վերացնել կարճման որոշումը:

Դավիթ Հունանյանն անդրադարձավ դատաշինարարական, դատաբժշկական, դատատեխնիկական փորձաքննություններին, փորձագետների տված եզրակացություններին ու ցուցմունքներին:

Ըստ Լիպարիտ Սիմոնյանի, եզրակացությունը չի կարող ցուցմունքով փոխարինվել:
Դատաշինարարական երկու փորձաքննություն էր իրականացվել: Տուժող կողմը հարցրել էր, թե դեպքն արդյոք տեղի է ունեցել շինարարական աշխատանքներ կատարելո՞ւ ժամանակ, ովքե՞ր են մեղավորները:

Ստացված եզրակացության համաձայն, շինարարական աշխատանքներ չեն եղել:
Մինչդեռ, թե ընկերության պատասխանատուները, ինժեները, աշխատակիցները ցուցմունքներ են տվել, որ «պատուհաններ են փակվել, դռներ են բացվել», հատկացվել են գումարներ շինարարական աշխատանքների համար:

Դավիթ Հունանյանն ասաց, թե իր ութ հարցերին քննիչը պատասխանել է «մասամբ», «մի երկու բառ է ճիշտ ասել»:

Ինչ վերաբերում է դատատեխնիկական փորձաքննությանը, այն տեւել է քառասուներկու օր, իսկ փորձագետն էլ, Լիպարիտ Սիմոնյանի տեղեկացմամբ, երկու անգամ է կանչվել հարցաքննության եզրակացությունը տալուց հետո:

Դավիթ Հունանյանն ասաց, թե իր որդին, թե «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ընկերության աշխատակիցները հրահանգավորում չեն ստացել: Այդ մասին մահացած երիտասարդի հորն ասել է որդու աշխատանքային ընկերը: Մինչդեռ, «Ընկերության անվտանգության հրահանգների համաձայն, չէր թույլատրվում բարձրանալ «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության նշված 3-րդ մասնաշենքի տանիքը»: Սակայն այս տանիք բարձրացել են ոչ միայն հեռախոսով խոսելու, քանի որ շենքի ներսում լսելիություն ընդհանրապես չի եղել, այլ որպես դուռ է օգտագործվել մոտ 2 մետր բարձրության մեծ, բաց, անապակի պատուհանը:

Ավելին, «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության պատասխանատու անձանց կողմից ոչ միայն չի փակվել մոտ 2 մետր բարձրության բաց, անապակի պատուհանը, այլ այնտեղ գոյություն չի ունեցել անվտանգությունն ապահովող գոտիներ, զգուշացնող կամ արգելող նշաններ:

Դավիթ Հունանյանը դատարանին ցույց տվեց լուսանկարներ, որոնցով փաստվում էր այն, որ ընկերությունում ընթացել են շինարարական լայնածավալ աշխատանքներ, այնտեղից մշտապես շինարարական աղբ է թափվել:

Ի դեպ, Լեւոն Հունանյանի մահվանից հետո «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության պատասխանատուները շինարարական աշխատանքների կատարման ժամանակ փակել են պատուհան-դուռը, այդպիսով, չեն պահպանել «դեպքի վայրի» անձեռնմխելիությունը:
Այս քրեական գործի նախաքննության ժամանակ ընկերությունների պատասխանատուները չեն հարցաքննվել: Մինչդեռ, «Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Զեւս ստուդիա» ՍՊԸ եւ «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության պատասխանատու անձանց գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-ր մասի՝ աշխատանքի պաշտպանության հատուկ կանոնների խախտման եւ 157-րդ հոդվածի 2-րդ մասի՝ աշխատանքի պաշտպանության կանոնների խախտում հանցակազմ: Իսկ այդ նշանակում էր, որ քննիչը պետք է լուծեր նշյալ ընկերությունների պատասխանատուներին որպես մեղադրյալ ներգրավելու հարցը»,-նշված էր բողոքում:

Դ. Հունանյանն ասաց, որ երբ ծանոթացել է քրեական գործի նյութերին, պարզվել է, որ իր որդու՝ Լեւոնի անվամբ առկա չէր որեւէ փաստաթուղթ, որը կարող էր հաստատել նրա՝ անվտանգության պաշտպանության համար հրահանգավորված լինելու մասին: Այս կապակցությամբ, փաստաբան ներկայացուցիչն ասաց, թե քննիչի մոտ ընկերության պատասխանատուներից մեկը պատճառաբանել էր՝ «Լեւոնը բարձրագույն կրթություն ուներ, հարկ չեն համարել հրահանգավորել»:

Տուժողի իրավահաջորդն ասաց, թե չորս աշխատակիցներն ունեցել են պայմանագիր: Սակայն գործի նյութերին ծանոթանալիս, պարզվել է, որ Լեւոն Հունանյանը 03.03.2014թ. պայմանագիր կնքելիս, որպես «Զեւս ստուդիա» ՍՊԸ համար ծառայություններ մատուցող աշխատակից եւ «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության տարածքում նախագծային աշխատանքներ կատարող չէր կարող հրահանգավորվել 31.03.2014թ.-ին հաստատված` տեխնիկայի անվտանգության, աշխատանքի եւ արտադրական առողջապահության պաշտպանության մասին հրահանգին, քանի որ վերջինս հաստատվել է Լ.Հունանյանի կողմից «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության տարածքում նախագծային աշխատանքներ կատարելուց մոտ 28 օր անց եւ դեպքից 8-9 օր առաջ:

Դատարանում ներկայացվեց նաեւ տանիքից ընկնելուց հետո, թե երբ եւ ինչպես են հայտնաբերել Լեւոնին, երբ է կանչ գրանցվել, երբ է նա տարվել բուժհաստատություն, արդյոք հնարավո՞ր էր նրա կյանքը փրկել, ինչին չի անդրադարձել ընդհանրապես քրեական գործը կարճած քննիչը:

Որդեկորույս հայրը հայտարարեց, որ երկուսուկես տարի հետո են հիշել, թե որդու հեռախոսի տվյալները պետք է նայվեն: Վերջին զանգը Լեւոն Հունանյանը ստացել է ընկերոջից եւ ժամը 14.47-ին: Միայն մեկ փաստ. նույն օրը ժամը 17-ին է ԿՏ նշանակվել, «Միգուցե փրկվեր տղաս: Սակայն մեր երկրում անհնար է բժիշկներին դատել: Երբեք չեմ ցանկանա, որ որեւէ մեկն իմ տեղում լիներ, պաշտպանելով իր որդու իրավունքները նրա մահվանից հետո»,-ասաց Դ.Հունանյանը:

Բողոքի քննությունը կշարունակվի մայիսի 26-ին:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

13.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031