Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ տեսել Հայաստանում կրթված այն պրոդյուսերին, որը «դրսում» հաջողություններ է ունեցել»

Մայիս 14,2017 12:35

Մի քանի միջազգային փառատոնում հաջողություններ գրանցած «Կարմիր խնձորները» ֆիլմի համաարտադրող Հարություն Հարությունյանը՝ ֆիլմի եւ ընդհանրապես կինոյի մասին:

ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մագիստրատուրայում սովորող Օֆելյա Հարությունյանն իր «Կարմիր խնձորները» ֆիլմով 2018թ. «Օսկարին» դիմելու իրավունք է ստացել:

«Առավոտի» հետ զրույցում ֆիլմի համաարտադրող Հարություն Հարությունյանը, որը նաեւ Օֆելյայի հայրն է, նշեց, որ Օֆելյան դիմելու իրավունք է ստացել, քանի որ ըստ կանոնակարգի, «Կարմիր խնձորները» արդեն մասնակցել է ամերիկյան կինոակադեմիայի պահանջներում ընդգրկված մի քանի կինոփառատոների: Դրանցից մեկն էլ Ֆլորիդայի կինոփառատոնն էր, որտեղ «Կարմիր խնձորները» հաջողություն էր գրանցել եւ դարձել մրցանակակիր:

«Օսկարին» մասնակցելը երկար ճանապարհ է, հաջորդ փուլում կմասնակցեն այն ֆիլմերը, որոնք կնոմինացվեն, իսկ նոմինացվածների մասով` չգիտեմ, թե շանսն ինչպե՞ս կարելի է գնահատել, որովհետեւ այնտեղ մի քանի հարյուր ֆիլմ է լինում, դրանցից միայն 5 կարճամետրաժ ֆիլմ է անցնում: Սա ամերիկյան կինոակադեմիայի պահանջների մեջ է մտնում: Ընդ որում, խնդիրն այն չէ, կնոմինացվի՞, թե՞ ոչ Օֆելյայի ֆիլմը: Իհարկե, ցանկալի է, որ նոմինացվի, փաստն արդեն խոսուն է, որ Օֆելյան այնպես է սովորել իր`պրոդյուսերի մասնագիտությունը, որ կարողանում է իր ապրանքը վաճառել, որովհետեւ կինոինդուստրիան նույնպես բիզնես է: Եվ եթե ցանկացած լավ ֆիլմ չունենա լավ պրոդյուսեր, կարող է չհայտնվել որեւէ տեղ, եւ դրա մասին չխոսվի: Սա արդեն հաղթանակ է: Հաշվի առնենք այն, որ ֆիլմը դիպլոմային աշխատանք էր, ու արդեն բավականին ճանապարհ անցած ֆիլմ է»,- նշեց Հարություն Հարությունյանը:
Հարցրինք` իր կարծիքով՝ Հայաստանի նման փոքր երկրներից «գնացող» ի՞նչ տեսակ ֆիլմեր են հետաքրքիր «դրսում»:

«Չեմ ընդունում, երբ ասում են Հայաստանում թեմա չկա եւ չի կարող լինել, մանավանդ Հայաստանը դրսի համար դեռեւս ամբողջովին չբացահայտված երկիր է: Այնպես որ, այս առումով Հայաստանում անսպառ թեմաներ կան, ուղղակի պետք է այդ թեմաներին մոտենալ ստեղծագործողի աչքով, նկարել հետաքրքիր ֆիլմեր, ոչ թե սերիալային կամ հեռուստատեսային մակարդակի, թեեւ հեռուստատեսային մակարդակի լավ ֆիլմերն էլ վստահ եմ` դրսում պահանջարկ կունենան, բայց խնդիրն այստեղ ուրիշ է: Հայաստանում պետք է լինեն այնպիսի պրոդյուսերներ, որոնք կարողանան եւ ճաշակ թելադրել, եւ այդ ճաշակը հանել միջազգային շուկա: Ինչ վերաբերում է «Կարմիր խնձորներին», այստեղ խնդիր է արծարծված, բայց ստեղծագործաբար է բարձրացված, գռեհիկ չի արված, արված է նրբորեն, կինոյի լեզվով, այնպես, որ որեւէ կողմ չվիրավորվի: Մեզ մոտ այդ առումով հաճախ ծայրահեղությունների մեջ են ընկնում: Գիտեք, թե Ֆրանսիայում, Ամերիկայում ինչպես են ընդունել ֆիլմը: ԱՄՆ-ում իմ աչքով եմ տեսել ամեն ինչ: Մարդկանց հետաքրքրում են մեր թեմաները, ուղղակի դրանք պետք է ճիշտ մատուցել: Նույնիսկ կարելի է պատերազմական թեմայով ֆիլմ նկարել Հայաստանում, որը հետաքրքրի դրսին, բայց ոչ թե արվի շատ ռազմահայրենասիրական ոճով` խփեցինք, ջարդեցինք… Ֆիլմում պետք է ճիշտ դնես իդեան, համամարդկային խնդիրներ բարձրացնես, որովհետեւ ամեն երկիր ու ազգություն իր խնդիրներն ունի, բայց համամարդկայինն ամբողջ աշխարհում է»,- համոզված է մեր զրուցակիցը:

«Կարմիր խնձորները» ֆիլմի ծագման երկրները նշված են՝ Հայաստան-ԱՄՆ-Վրաստան: Սցենարի հեղինակը եւ պրոդյուսերն Օֆելյան է, ռեժիսորը Ջորջ Սիխարուլիձեն է, իսկ դերերում հանդես են եկել Հրաչուհի Ամիրյանը, Վահագն Մարտիրոսյանը, Վարդուհի Ռուշանյանը, Կարինե Ջանջուղազյանը, Իրինա Դանիելյանը եւ Արեւ Պետրոսյանը:
Մեր դիտարկմանը, որ ֆիլմը ներկայացված է որպես համատեղ արտադրության արդյունք, չի՞ կարծում, որ հաճախ նման ֆիլմերն են հաջողության հասնում, Հարություն Հարությունյանը պատասխանեց. «Իհարկե, համատեղ արտադրության արդյունքները ցանկալի են, բայց Օֆելյայի ֆիլմի մասին նշեմ, որ ռեժիսորը վրացի է, դրա համար է Վրաստան գրվել, դուստրս Կոլումբիայի համալսարանի ուսանող էր, եւ համալսարանի ավարտական դիպլոմային աշխատանքի սցենարի համար դրամաշնորհ էր ստացել, դրա համար է՝ ԱՄՆ, իրականում ֆիլմը նկարվել է Հայաստանում, բոլոր դերասանները հայեր են, Օֆելյան էլ` հայաստանցի: Ու չեմ կարծում, որ համատեղ է, դրա համար է հաջողության հասել: Ամեն ինչ կախված է նրանից, թե քո ապրանքը ինչպես կվաճառես»:
Հարցրինք նաեւ, թե «Կարմիր խնձորները» ֆիլմին ե՞րբ սպասենք Հայաստանում: Հարություն Հարությունյանը նշեց, որ Օֆելյան դիմել է «Ոսկե ծիրանին», ու ֆիլմը դեռ պետք է դիտումների փուլն անցնի, այնուհետեւ պարզ կլինի` ամռանը կցուցադրվի՞ «Ոսկե ծիրանին», թե՞ ոչ:

Մեր մյուս հարցին՝ ի՞նչ է պակասում այսօրվա հայկական կինոյին, Հարություն Հարությունյանը պատասխանեց. «Հայկական կինոյին լավ կրթությունն է պակասում, միմիայն կրթություն: Եթե լավ կրթություն լինի, լավ ռեժիսորներ ու պրոդյուսերական լավ դպրոց ունենանք, կինո նկարելու համար գումարներ էլ կգան «դրսից»:
«Առավոտի» դիտարկմանը, որ օրինակ՝ մանկավարժական համալսարանն ու Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը պատրաստում են ռեժիսորներ, դերասաններ, պրոդյուսերներ, Հարություն Հարությունյանը պատասխանեց. «Ես դեռեւս չեմ տեսել Հայաստանում կրթված այն պրոդյուսերին, որը կինոյի ասպարեզում հաջողություններ է ունեցել «դրսում»: Դա արդեն ինչ-որ բան նշանակում է: Իսկ ռեժիսորներ կան` 4-5 հոգի…սցենար գրողներ չունենք, տեխնիկա է պակասում, կինոինդուստրիա հասկացությունը չկա… եթե մի բան չկա, ինչպե՞ս ասեմ, թե ինչն է պակասում, ամեն ինչ էլ պակասում է»:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

13.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031