Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան-Թուրքիա արձանագրությունները մահացած են, բայց թաղված չեն»

Մայիս 14,2017 12:00

«Մի օր Հայաստանի ու Թուրքիայի միջեւ միջպետական հարաբերությունները կարգավորվելու են, դրան պետք է պատրաստ լինել»

«Քաղաքացիական համաձայնություն» հասարակական կազմակերպության եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ իրականացվող` «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» ծրագիրը, որը մեկնարկել էր անցյալ տարվա սեպտեմբերից եւ ընթանում էր ծաղկաձորյան սեմինարներով, այս ամիս ավարտվում է:
Հիշեցնենք, որ մեկ տասնյակ սեմինարներին մասնակցում էին Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի (բացառությամբ ՀՀԿ-ի) եւ հասարակական կազմակերպությունների երիտասարդ ներկայացուցիչները:

Ծրագրի ավարտին` մայիսի 4-7-ը, Հայաստանից 18 հոգանոց խումբ մեկնեց Ստամբուլ, իսկ հաջորդ շաբաթ Երեւան կժամանեն թուրք երիտասարդները` Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի ռեկտոր Մուստաֆա Այդինի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ վերջինս դեկտեմբերին այցելել էր Ծաղկաձոր եւ հայաստանյան խմբի առջեւ հանդես եկավ զեկույցով:

Հայաստանյան խմբի ստամբուլյան այցի առաջին հանդիպումը Քադիր Հաս համալսարանում էր, որտեղ հայաստանցիների խմբին սպասում էին թուրք ուսանողներն եւ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները: Համալսարանի ռեկտոր Մուստաֆա Այդինը նախ տեղեկացրեց, որ համալսարանի մասնաշենքերից մեկը նախկինում ծխախոտի գործարանի պատկանող շինություն է եղել, որի ճարտարապետը հայ է եղել, եւ 1995-ին գրեթե ավերակներից վերածվել է գեղեցիկ եւ մեծ համալսարանի:
Մուստաֆա Այդինը ողջունելով հայաստանցի հյուրերին` արձանագրեց, որ անցկացված ծրագրի շրջանակներում, փաստորեն` «ունեցել ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ քննարկումների մի քանի շատ հետաքրքիր ամիսներ»:

Այնուհետեւ նա խոսեց Թուրքիայում վերջերս անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակի, արտաքին քաղաքականության խնդիրներում առաջնահերթությունների մասին. «Մենք չգիտենք, թե ինչ փոփոխություններ են կատարվում կառավարությունում, չգիտենք, թե սահմանադրական հանրաքվեի արդյունքում Թուրքիայում այս փոփոխություններն ինչի են հանգեցնելու: Շատ հետաքրքիր ընթացք են ստանում Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները, որոնք, մասնավորապես, անդրադառնում են Սիրիայի խնդրին եւ քրդական հարցին: Առաջիկայում Թուրքիայի նախագահը կմեկնի Միացյալ Նահանգներ, կհանդիպի ԱՄՆ նախագահի հետ, եւ որոշ հարցերի վերաբերյալ հստակություն կլինի: Թուրքիա-ԵՄ հարաբերություններն ընդհանուր առմամբ լարված էին, սակայն հույս կար, որ այդ հարաբերությունները դրական հունով կընթանան»: Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմային` համալսարանի ռեկտորը նշեց. «Հայաստան-Թուրքիա արձանագրությունները մահացած են, բայց թաղված չեն»:

Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Դավիթ Շահնազարյանը ողջունեց հայ եւ թուրք երիտասարդների հանդիպումը Ստամբուլում` նշելով, որ այն կնպաստի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, այնուհետեւ ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը խորհրդարանական ընտրություններից հետո՝ արձանագրելով, որ կանխատեսելի ընտրություններ են տեղի ունեցել կանխատեսելի արդյունքներով: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը երբեք այսքան հեռու չի եղել, որքան հիմա: Ռուսաստանն է կարգավորման գործընթացում առաջատար դիրքում, իսկ Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ քաղաքականությունը հստակեցված չէ առայժմ ԱՄՆ նոր վարչակազմի մոտ, միգուցե առաջիկայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որտեղ ելույթ կունենա ԱՄՆ նախագահ Թրամփը, որոշակի հստակություններ կմտցվեն»,- նշեց նա: Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ապա Դավիթ Շահնազարյանը նշեց, որ իրավիճակը մնում է անփոփոխ, սակայն այս ծրագիրն ինչ-որ հնարավորություն է, որի շրջանակներում երիտասարդները շփվում են, զրուցում են:

Հայաստանում ԱԺԻ ծրագրերի քաղաքական եւ քաղաքացիական հարցերով խորհրդատու Գեղամ Սարգսյանը իր խոսքում նախ ներկայացրեց ծրագիրը, դրա շրջանակներում հայաստանյան կուսակցությունների, ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկումները: «Իրավիճակը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում այնքան էլ ոգեւորիչ չէ: Սա միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարց չէ, այլեւ տարածաշրջանային անվտանգության նշանակության հարց է: Մենք չենք խոսում հաշտեցման գործընթացի մասին, մենք կարեւորում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները:

Ցավոք, ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում ծնված Հայաստան-Թուրքիա արձանագրությունները մահացան, պարզ չէ, թե ով կվերականգնի այդ գործընթացը: Բայց երիտասարդները փոփոխության կրողներ են, կարող են նպաստել հարաբերությունների կարգավորմանը, ունեն իրենց պատկերացումները երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման վերաբերյալ: Կառավարություններին այս պահին չի հետաքրքրում այդ հարցը, առաջնահերթ չէ: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք այս գործընթացն առաջ մղել կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների երիտասարդ ներկայացուցիչների միջոցով: Այս առումով կարեւոր են հնարավորինս շատ շփումները երիտասարդների միջեւ, եւ այս ծրագիրը` որպես մեկնարկ, կարող է միայն դրականորեն անդրադառնալ այդ գործընթացի վրա: Անկախ ամեն ինչից՝ մի օր Հայաստանի ու Թուրքիայի միջեւ միջպետական հարաբերությունները կարգավորվելու են, դրան պետք է պատրաստ լինել, եւ մեր նպատակը նման ծրագրերով այդ գործընթացն առավել իրատեսական դարձնելն է, փորձել ընդհանուր հայտարարի գալ այն հարցերում, որոնց շուրջ տարակարծություններ չկան: Այս ջանքերը, իմ կարծիքով, մի օր իր դրական ազդեցությունն են ունենալու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման գործընթացի վրա»,- նշեց Գեղամ Սարգսյանը` հավելելով, որ ծրագիրն ունենալու է շարունակություն:

Այնուհետեւ հայ եւ թուրք երիտասարդները միմյանց հարցեր ուղղեցին, խոսեցին տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թեմայի մասին, հայ երիտասարդներին, մասնավորապես, հետաքրքրում էր Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ադրբեջանական գործոնի ազդեցության վերաբերյալ թուրք երիտասարդների մոտեցումները: Թուրք ուսանողները խոսեցին Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական հարաբերությունների, տնտեսական գործոնի մասին: Արձանագրվեց նաեւ, որ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների տապալման պատճառներից մեկը նաեւ Ադրբեջանի վերաբերմունքն էր: Թուրք երիտասարդները համարում էին, որ անկախ ամեն ինչից՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կա նկատելի տարբերություն ժողովրդավարության մակարդակի, սակայն վստահ էին, որ եթե հանրային մակարդակում չի նկատվում ադրբեջանական ազդեցությունը, ապա քաղաքական մակարդակում Թուրքիայի քաղաքականության վրա ադրբեջանական ազդեցությունը միանշանակ նկատելի է:
Հանդիպման ավարտին Մուստաֆա Այդինը եւ ուսանողները հայաստանյան խմբին հրավիրեցին համալսարանի բակում «Merlyn» ռոք խմբի բացօթյա համերգին:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

13.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031