Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխային կրծքից պետք է կտրել աստիճանաբար

Մայիս 14,2017 11:00

Մասնագետների դիտարկումները

Այսօր էկոլոգիական վատ պայմանների եւ բազմաթիվ սթրեսների արդյունքում շատ մայրեր ծննդաբերությունից հետո պարզապես չեն ունենում կաթ, որպեսզի կերակրեն երեխաներին: Ըստ տարբեր վիճակագրական տվյալների՝ տարեցտարի կրծքով կերակրող մայրերի թիվը նվազում է աշխարհում: Այդուհանդերձ, կան երջանիկ մայրեր, ովքեր ունեն իրենց երեխաներին կրծքով կերակրելու շնորհը: Նեոնատալ բժշկական ասոցիացիայի ընտանեկան հոգեբան-խորհրդատու Աննա Բադալյանը կարծում է, որ կրծքով կերակրելու ընթացքից բացի, էլ ավելի կարեւոր է, թե ինչպես գրագետ կարողանալ կտրել երեխային կրծքից: Երեխայի կյանքի առաջին իսկ րոպեներին երեխային դնում են մոր կրծքին եւ սա պատահական չէ. այս երեւույթը հոգեբանության մեջ կոչում են կենգուրույի մեթոդ, նման կերպով թե մայրն է դուրս գալիս հետծննդաբերական սթրեսից, թե երեխան:

Ըստ հոգեբան Աննա Բադալյանի՝ կրծքով կերակրելը ոչ միայն կարեւոր է բժշկության տեսանկյունից, այլեւ հոգեբանության, քանի որ մայրը սնուցում է երեխային, հիմք է դնում նրա ոչ միայն առողջությանը, այլեւ հույզերին եւ էմոցիաներին, շատ կարեւոր է երեխայի եւ մոր մաշկ-մաշկ հարաբերությունը: Առհասարակ հոգեբանները խորհուրդ են տալիս կերակրելիս երեխայի հետ խոսել, նրան հետաքրքիր բաներ պատմել, քանի որ կենսական էներգիան, որը դուրս է գալիս մոր միջից կաթի ձեւով, երբ համեմվում է հետաքրքիր խոսքով, համբույրով, ստեղծում է երեխայի մոտ ուժեղ իմունային ֆոն: Շատ կարեւոր է գիտակցել, որ ծննդաբերությունը սթրես է երեխայի համար, անգամ շատ հոգեբաններ ասում են, որ դա հավասար է մահվան, այդ պատճառով կուրծքը կարծես հպման միջոց լինի երեխայի համար, որով նա վերհիշում է մոր արգանդում անցկացրած ամիսները: Հոգեբանի գլխավոր խորհուրդը երեխային կաթից կտրող մայրերին՝ կտրուկ չանել: Ըստ էության, երեխային կաթից կտրելու օպտիմալ ժամանակահատված կոնկրետ չի նշվում, սակայն, ըստ հոգեբանի, կարելի է սկսել երեխային կտրել վեց ամիս հետո եւ առավելագույնը մեկ տարեկանում պետք է արդեն կաթից կտրած լինել, որովհետեւ հետո կարող է առաջանալ էդիպյան բարդույթ: Երեխային ավելի հեշտ է սովորեցնել ծծակին, քանի որ կուրծքը քաշելը դժվար է: Եթե մայրը շարունակի երեխային նույն հուզականությամբ գրկել, շոյել, սիրել, նեցուկ լինել, ապա երեխան ոչ մի խնդիր չի ունենա կաթից կտրվելիս: Երեխայի համար կարեւոր է ամեն րոպե զգալ ծնողի սերը:

Հոգեբան Աննա Բադալյանը զարմանում է այն բժիշկների վրա, ովքեր հորդորում են երեխային մորից հեռու պահել կաթը կտրելիս. դա երեխայի համար կրկնակի սթրես է, մաշկ առ մաշկ շփումի կորուստը պիտի ապահովի, շոյի այտը, թաթը, երեխան զգա տարբերությունը: Անդրադառնանք կաթից կտրելու բժշկական տեսանկյունին: Մանկաբույժ Անահիտ Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ կողմ չէ կուրծքը կապելու պապենական մեթոդին, նա այս ձեւը կոչում է վայրենություն եւ նշում, որ դա հետագայում կարող է առաջացնել կրծքի մաստիտ եւ այլ գեղձային խնդիրներ: Ուստի բժշկական տեսանկյունից նախընտրելի մեթոդ է համարում աստիճանաբար վարժությունների միջոցով պակասեցնել կաթը, օրինակ՝ պառկել մեջքի վրա: Սակայն թե հոգեբանները, թե բժիշկները փաստում են, որ մեկ տարեկանից հետո մոր կաթը այլեւս ոչ մի օգտակար հատկություն չունի:

 

ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտ»

13.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031