Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես պատիվը, այնպես էլ առողջությունը չպետք է կորցնել

Մայիս 14,2017 10:40

Քրոնիկական հիվանդությունների գլխավոր պատճառը օրգանիզմի բնական ինքնակարգավորման խանգարումն է: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս ամենից առաջ կանխել այդպիսի խանգարումները, որոնց համար անհրաժեշտ է տիրապետել որոշ գիտելիքների:

Ռուս բնաբույժ Գալինա Շատալովան նշել է, որ նույնիսկ միաբջիջ պարզագույն օրգանիզմներն օժտված են իրենց կենսագործունեությունն ապահովող բազմաթիվ համակարգերով, որոնցից մեկը շրջապատից էներգիա ու նյութեր է վերցնում, մյուսը՝ օգտագործում է դրանք, երրորդը՝ նյութափոխանակությունից գոյացած մնացորդներն է հեռացնում օրգանիզմից, չորրորդը՝ պատասխանատու է բջիջների կիսման համար եւ այլն:
«Ինչքա՞ն բարդ եւ կարեւոր է մարդկանց օրգանիզմի ինքնակառավարման խնդիրը՝ հաշվի առնելով այն փաստը, որ մարդը ստիպված է լինում աշխատել ածխահանքերում, քիմիական գործարաններում, 50 աստիճան սառնամանիքի եւ անապատային հեղձուցիչ տապի պայմաններում, օվկիանոսի հատակին ու տիեզերքում»,-ասել է բնաբույժը՝ ավելացնելով, որ առանց ինքնակարգավորման կատարյալ համակարգի մենք պարզապես չենք կարող գոյատեւել, բայց, չգիտես ինչու, շատ անփութորեն ենք վերաբերվում այդ խնդրին. «Իմ խորին համոզմամբ՝ ինչպես պատիվը, այնպես էլ առողջությունը երբեք չպետք է կորցնել, դրանք պետք է պահպանել ամբողջ կյանքի ընթացքում: Սակայն պետք է նկատի ունենալ, որ առողջության հարցում կարեւորը հոգեւոր առողջությունն է»:

Գալինա Շատալովան նույնիսկ իրեն օգնության դիմած հոգեպես արատավոր, հոգեւոր գիտելիքների տեսակետից տգետ մարդկանց հրաժարվել է բուժելուց, քանի որ, ըստ նրա, այդ մարդկանց հոգում իշխող չարությունը, նախանձը, ատելությունը, մանրախնդրությունը, ագահությունը ամենադիմացկուն մետաղը քայքայող թթվի նման կեղեքում են առողջությունը. «Իսկ այդպիսի պայմաններում ոչ մի բուժում արդյունք չի տա: Հոգեւոր մաքրությունը, որն արտահայտվում է սիրով, բարությամբ, կարեկցանքով, ազնվությամբ, արդարամտությամբ, գթասրտությամբ, հանդուրժողականությամբ, հենց այն կենարար ջուրն է, որով ապաքինվում են հոգեկան ու ֆիզիկական բոլոր վերքերը, եւ ձեր մարմինը ձեռք է բերում անհրաժեշտ ներդաշնակություն»:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

13.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031