Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ ավագանու ընտրությունների կազմակերպման համար այսօր Երեւանում կգործի 474 տեղամաս, թվով տասը ընտրատարածքային հանձնաժողովներ:
Նրա տվյալներով, գրանցված 3792 հանձնաժողովականներից միայն 14-ն է բացակայել, որոնց փոխարեն սահմանված կարգով նշանակումներ են արվել, իսկ բոլոր տեղամասերը սահմանված կարգով ու ժամկետներում են բացվել:
Ընտրություններին մասնակցում է 308 ավագանու թեկնածու, որոնցից 98-ը կանայք են:
Պարոն Մուկուչյանն ասաց, որ բոլոր տեղամասերում տեղադրված են տեսախցիկներ, առկա են տեխնիկական սարքեր, որոնք առավոտյան գործարկվել են, բոլոր տեղամասերում անխափան աշխատում են:
Նա նաեւ հավելեց, որ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են դիտորդական առաքելություն իրականացնող 17 տեղական կազմակերպություններ: Ընտրություններին հետեւելու են ավելի քան հինգ հազար դիտորդ, կան նաեւ տասը միջազգային դիտորդներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ