Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Երկիր Ծիրանի» կուսակցության բանաձևը Ազգային դիմադրության շարժման անհրաժեշտության և քաղաքացիական ու քաղաքական սկզբունքների համաձայնության վերաբերյալ

Մայիս 14,2017 08:36

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, գնահատելով 2017 թվականի ապրիլի 2–ից հետո առկա քաղաքական ճգնաժամը` բացարձակ քաղաքական մենաշնորհի դե յուրե (de jure) և դե ֆակտո (de facto) ամրագրումը, ճանաչում է այն ոչ միայն վտանգավոր, այլ նաև կործանարար ժամանակակից Հայկական պետականության համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նորանկախ Հայկական պետականության քառորդդարյա պատմությունն ընթացել է` ոչ օրինական ձևավորված քաղաքական կառուցակարգերի և իշխանության ներքո:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապրել է և շարունակում է ապրել անօրինական իշխանության ղեկավարման ներքո:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող անօրինական իշխանությունը, ի դեմս իշխող ուժի` Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ-ի) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աղքատ խավին (մեկ միլիոնից ավելի մարդ) օգտագործում է իր շահերի համար` որպես լայն խոցելի սոցիալական շերտ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող անօրինական իշխանությունն ունի հատուկ վարչակազմ, որի միջոցով ղեկավարում և ճնշում է Հայաստանի Հանրապետության լայն սոցիալական շերտերին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող անօրինական իշխանությունն ունի լայն հնարավորություններ` ազդելու քաղաքացիների կամքի և ազատությունների վրա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող անօրինական իշխանությունն ունի բացառիկ մենաշնորհ` օրենսդրական գործառույթ իրականացնելու համար, այդ թվում` քաղաքական համակարգի բոլոր գործառույթների վերաբերյալ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող անօրինական իշխանությունն ունի ահռելի նյութական ռեսուրսներ, որն իրեն ընձեռում է հնարավորություն` իրացնելու իր ապօրինի քաղաքականությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոմունիստական կուսակցության մենաշնորհի վերացումից հետո նորանկախ Հայաստանի Հանրապետությունում այդպես էլ չներդրվեց ժողովրդավարական կառավարմամբ զարգացած բազմակուսակցական համակարգ:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարում է`

Առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է հայ ժողովրդի լայն սոցիալական շերտերի ներգրավմամբ ստեղծել ազգային դիմադրության շարժում:

Ազգային դիմադրության շարժման խնդիրն է ապօրինի գործող իշխանության տապալումը` քաղաքական մենաշնորհի վերացումը:

Ազգային դիմադրության շարժման նպատակն է դատապարտել ապօրինի գործող ռեժիմը և հիմնադրել օրինական իշխանություն, որի հիմքում ընկած են` հակակշիռների ու զսպումների քաղաքա-իրավական մեխանիզմները և ներառող քաղաքական ինստիտուտները:

Ազգային դիմադրության շարժումը միտված է ներառելու համայն հայության ակտիվ քաղաքացիական և քաղաքական ներուժը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս` հայկական գաղթօջախներում:

Ազգային դիմադրության շարժումը ներառում է ինտեգրող դերակատարում համախմբելու հանրությանը` կարևոր համազգային, քաղաքացիական և քաղաքական հարցերի շուրջ:

Ազգային դիմադրության շարժումը հայտարարում է, որ չի ընդունում 2015 թվականի հանրաքվեի և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններով ձևավորված քաղաքական կարգը և քաղաքական ղեկավարությունը:

Ազգային դիմադրության շարժումը հայտարարում է, որ ճանաչում է Սերժ Սարգսյանին ու Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) որպես ոչ օրինական և սկսում է նրանց դեմ քրեական հետապնդման գործընթաց:

Ազգային դիմադրողական շարժումը Հայաստանի Հանրապետությունում գործող անօրինական իշխանության դեմ ընդունում է որպես նվազագույն սկզբունքներ հետևյալ դրույթները.

Քաղաքացիական և քաղաքական պայմանավորվածության ձեռքբերում` մինչև օրինական իշխանության ձևավորումը և նոր Սահմանադրության ընդունումը սահմանադիր հետևյալ օրենքների վերաբերյալ. Ընտրական օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք, Ազգային ժողովի կանոնակարգ օրենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների և պարտականությունների մասին օրենք: Ընտրական իրավունքի իրացումը պետք է ներառի հետևյալ պայմանները` պարզ համամասնական ընտրակարգ, խորհրդարան անցնելու համար նվազագույն շեմ մինչև 2.5 տոկոս, Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող բոլոր քաղաքացիների համար համապետական ընտրություններում ընտրելու իրավունքի ապահովում (ընտրատեղամասերի բացում):

Քառորդ դար ապօրինի գործող քաղաքական ուժի գործունեության` համապետական ընտրությունների և հանրաքվեների կեղծման, քաղաքական հետապնդումների (սպանություններ, բանտարկություններ, ֆիզիկական և հոգեբանական բռնաճնշումներ) իրականացման, խոսքի ազատության ապօրինի սահմանափակումների վերաբերյալ իրավա-քաղաքական գնահատականի անհրաժեշտություն:

Հայկական պետականությունը, կազմելով շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածք, միասնական անվտանգության համակարգ է, որի տարածքային ամբողջականության ոտնահարման վերաբերյալ որևէ հայտարարություն դիտարկվում է որպես քրեորեն հետապնդելի արարք:

Հայաստանի և Արցախի Հանրապետությունները փաստացի մեկ ռազմաքաղաքական միավորում ճանաչելը:

Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչում, նրա հետ Հայաստանի Հանրապետության կողմից ռազմական փոխօգնության, մեկ դրամական, անձնագրային և քաղաքացիության վերաբերյալ պայմանագրերի կնքում, որոնք ենթադրում են դե յուրե (de jure) միասնական պետականություն:

Տվյալ սկզբունքները հանդիսանում են սահմանադրական արժեք և պետք է արտացոլվեն ապագա Սահմանադրության և օրենքների մեջ:

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031