Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գերթեթեւ ավիացիան առաջին անգամ պաշտոնապես մեկնարկեց Հայաստանում եւ տարածաշրջանում (ֆոտոշարք)

Մայիս 14,2017 00:10

Այսօր Երեւանի մատույցներից մեկում՝ Եղվարդի լիճ կոչվող տարածքում, առաջին անգամ անցկացվեց շարժիչային գերթեթեւ ավիացիայի Հայաստանի բաց գավաթի խաղարկությունը, որը նաեւ առաջին նմանատիպ մրցումն է ամբողջ տարածաշրջանում:

Այս մարզաձեւը Հայաստան մուտք գործել է միայն անցած տարի՝ էքստրեմալ մարզաձեւերի սիրահարների, մասնավորապես, Հայաստանի պարապլաներային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Ու չնայած ընդամենը մի քանի ամիս է այն գործում, բայց արդեն որոշակի հաջողություններ ու ճանաչում է ձեռք բերել:

Պարապլաներային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը վստահ է, որ այս նոր մարզաձեւը շատ արագ ու մեծ տարածում կգտնի հանրապետությունում, քանի որ այն բավականին հեշտ յուրացվող մարզաձեւ է, որով զբաղվել կարող են 18 տարին բոլորած պրակտիկապես առողջ մարդիկ: «Մեր գերխնդիրը նաեւ այս մարզաձեւով Հայաստանում սպորտային տուրիզմի զարգացումն է», – ասում է նա:

Նրա հետ լիովին համաձայն է հատուկ այս մրցումը կազմակերպելուն օգնելու եւ մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ռուսաստանցի փորձառու օդաչու, մոսկվացի  Ալբերտ Ալեքսեեւը: «Հայաստանում մեր մարզաձեւի զարգացման եւ դրա միջոցով սպորտային տուրիզմը զարգացնելու հիանալի պայմաններ կան: Կարելի է տարբեր երկրների օդաչուներ հրավիրել ոչ միայն նրա համար, որպեսզի նրանք Հայաստանը տեսնեն թռչնի ճախրանքի բարձրությունից, այլեւ զբոսաշրջիկների համար օդային զբոսանքներ կազմակերպել», – ասում է նա: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են այս մրցմանը այդքան քիչ՝ ընդամենը երեք հոգով ժամանել, Ալբերտ Ալեքսեեւը պատասխանեց. «Այդ հարցի պատասխանը կազմակերպիչները պետք է տան: Բայց, կարծում եմ, ինչպես միշտ, պատճառը մեկն է. լուրջ օդաչուները, որպեսզի մեկնեն մրցումների, լուրջ նյութատեխնիկական պայմաններ են անհրաժեշտ եւ լուրջ մրցանակային գումարներ: Ոչ ոք թռչելու համար իր գրպանից դրամ չի ծախսի ու գա այստեղ: Բայց, ուզում եմ հավատալ, որ այդ խնդիրները Հայաստանում կլուծվեն»:

Արմեն Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց թռչող սարքերի մի քանի տեխնիկական որակների հետ: Օրինակ, շարժիչով այս սարքերը մեկ լիցքավորումով կարող են օդում գտնվել երեք ժամ եւ զարգացնել ժամում 60 կմ արագություն: Դրանք հնարավոր է վարել գետնից անգամ մեկուկես մետր բարձրության վրա կամ բարձրանալ մինչեւ 3,5 հազար մետր:

Այսօր օդաչուները մրցեցին երեք չափորոշիչներով. անթերի մեկնարկ, գետնին մոտ ոլորավարում եւ անջատած շարժիչով դաշտում նշված նշանի վրա վայրէջք: Ինչպես եւ սպասվում էր, մրցանակային եռյակը կազմեցին ռուսները. 1. Ալբերտ Ալեքսեեւ (Մոսկվա), 2. Վլադիմիր Պոտապով (Վորոնեժ), 3. Վոլոդյա Բուռլակով (Մոսկվա):

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031