Այսօր Վանաձորում նշվեց «Եվրոպայի օրը»: Օրվա տոնակատարությունը ներառեց տեղեկատվական միջոցառումներ, որոնց ընթացքում լոռեցիներին ներկայացվեց ԵՄ-Հայաստան համագործակցությունն ու գործընկերությունը, կազմակերպվեց տոնական միջոցառում ու ցուցահանդես-վաճառք: Այս տարի տոնը կրում է «Եվրոպան Հայաստանի համար» խորագիրը:
Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ցանկությունն է, որպեսզի Եվրամիությունն ավելի շատ համագործակցի ու ծրագրեր իրականացնի հատկապես մարզերում եւ Վանաձորի նման քաղաքներում. «Մեզ համար միշտ հաճելի է լինել Վանաձորում: Մենք միտված ենք շարունակելու մեր աջակցությունը ենթակառուցվածքի բարելավմանը, զբոսաշրջության զարգացմանը, փոքր եւ միջին ձեռնարկությունների աշխատանքին»:
Դեսպանը տեղեկացրեց, որ այս պահին իրենք աշխատում են մի շարք փաստաթղթերի մշակման ուղղությամբ: Այժմ Բրյուսելում քննարկվում է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին մինչեւ 2020 թվականի փաստաթուղթը:
«Դրանից բացի կա եւս 2 կարեւոր փաստաթուղթ, 2-ն էլ գործողությունների պլան են: Դրանցից մեկը Հայաստանին տրամադրվող աջակցության մասին է՝ 2017-2019 թթ.-ի համար: Մենք կշարունակենք մեր ծրագրերի ենթակառուցվածքների՝ մասնավորապես ճանապարհների ոլորտում: Այս պահին էլ աջակցում ենք Հյուսիս-հարավ ճանապարհի որոշ հատվածների շինարարության ֆինանսավորմանը: Աջակցում ենք նաեւ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանային անցակետի վերազինմանը… Յուրաքանչյուր շաբաթ ԵՄ-ն Հայաստանում ծախսում է 1 միլիոն եւրո»:
Տոնավաճառի ընթացքում ներկայացվեց ԵՄ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը: Տոնավաճառին մասնակցում էր նաեւ Լոռու մարզի Ջրաշեն համայնքի բնակիչ Սուրեն Գրիգորյանը: Սուրենը զբաղվում է ոչ ավանդական բույսերի մշակմամբ: Իսկ ձեռներեցության ստեղծման աշխատանքները ֆինանսավորել է Եվրոպական միությունը:
«Անցած տարի ԵՄ-ի ֆինանսավորեց եւ ջերմոց կառուցեցի: Ամեն ինչ շատ լավ է, աշխատանք ունեմ: Բիզնեսս գնալով մեծացնում եմ, արդեն 3 աշխատող ունեմ»,-ասում է Սուրեն Գրիգորյանը:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ հույս հայտնեց, որ Եվրոպական միության կողմից Վանաձորում իրականացվող ծրագրերը շարունակական կլինեն. «Վանաձորը ներգրավված է Եվրոպական միության կողմից առաջարկվող ծրագրերի մեջ: Տեսնենք, թե որքանով հաջողություններով կպսակվեն մեր համագործակցությունները: Հուսով եմ, որ ապագայում նույնպես կունենանք համագործակցության եզրեր եւ խորացումներ»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ