«Արամ Աթեշյանը մեծ հույսեր ուներ, որ տեղապահ կընտրվի, բայց խայտառակ պարտություն կրեց Գարեգին Բեկչյանից, ով տեղապահ է ընտրվել: Նա լիազոր անձ է՝ մինչեւ պատրիարքի ընտրությունները»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Պոլսի պատրիարքարանի շուրջ ստեղծված իրավիճակին, ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը:
Հիշեցնենք, որ պոլսահայերն առցանց ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հեռացնել եկեղեցուց: Վերջինս չի հաշտվում այն փաստի հետ, որ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանն է ընտրվել պատրիարքի տեղապահ: Սարգիս Հացպանյանի բնորոշմամբ՝ իրավիճակն այնքան է լարված, որ Պոլսի Հայոց պատրիարքարանի դռները Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի առաջ փակ են:
«Աթեշյանի հրամանով պատրիարքարանի դիմաց գտնվող երեղեցու դռները կողպել են, որպեսզի Գարեգին Բեկչյանը չմասնակցի աղոթքի»,-ասաց Հացպանյանը:
Նրա խոսքով՝ միայն դա բավական է, որ Ամենայն հայոց կաթողիկոսն Արամ Աթեշյանին կարգալույծ անի:
«Արամ Աթեշյանը հայտնի է իր սրբապղծություններով եւ չի ճանաչում այն փաստը, որ Բեկչյանն ընտրվել է: Նա չի հրաժարվում փոխանորդի իր կարգավիճակից: Զարմանալի է Մայր Աթոռի կարգավիճակը: Նա կարող էր պատժել, բայց պատիժը չկա: Եկեղեցին չի մեկնաբանում այս հարցը, լռում է»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ