Ավարտվեց Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 4-րդ մրցույթը, որն անցկացվում էր Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ: Այս տարի մրցութային փուլին իրավունք էին ստացել մասնակցելու 17 պատանի՝ բաժանվելով երկու խմբերի:
Ստեղծագործողների աշխատանքները գնահատում էր պրոֆեսիոնալ Ժյուրին, որի կազմում ընդգրկված էին անվանի կոմպոզիտորներ Արամ Սաթյանը, Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը, Լևոն Չաուշյանը, Ստեփան Շաքարյանը, ինչպես նաև մրցույթի գեղարվեստական ղեկավար՝ Էդմոնդ Մակարյանը: Կայացված որոշման արդյունքում կրտսեր խմբում (մինչև 13 տարեկան) հաղթող ճանաչվեց Արինա Իսահակյանը, իսկ ավագ խմբում (14-18 տարեկան)՝ Անդրեյ Կուրբետը: Ավագ ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Արամ Խանլարին, իսկ երրորդ հորիզոնականը կիսվեց երեք մասնակցի՝ Ալլա Համբարձումյանի, Ագնեսա Իսահակյանի և Նարեկ Անդրեասյանի միջև: Ի դեպ, վերջինս նաև ստացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը:
Կրտսեր խմբում երկրորդ տեղը զբաղեցրեց Մերի Առակյանը, իսկ երրորդը՝ Էրիկա Մարկոսյանը: Մրցանակաբաշխությանը ներկա Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն իր խոսքում բարձր գնահատեց կայացած մրցույթն ու նշեց, որ մայրաքաղաքում նմանօրինակ միջոցառման կարիքը կա: Փոխքաղաքապետը պատանիներին հորդորեց շարունակել ստեղծագործել ու ձգտել նորանոր հաղթանակների: Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն էլ իր խոսքում նշեց, որ սա երաժշտական տոն է, որն արդեն բարի ավանդույթ է դարձել: Նշենք, որ մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր մասնակիցները պարգևատրվեցին մրցույթի անվանական արձանիկներով և պատվոգրերով, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներով:
Երկու խմբերի հաղթող մասնակիցների ուսուցիչները նույնպես արժանացան դրամական պարգևների: Մրցույթին մասնակցած բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ և գրքեր: Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթն անցկացվում է 2014 թվականից: Այս տարի մրցույթն իրականացավ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
ՀՀ կոմպոզիտորների միություն