Լրահոս
Օրվա լրահոսը

Մի անգամ Սիբիրում

Մայիս 13,2017 15:00
merujan Ter-Gulanyan

Ժամանակը բառին տվել էր իր իմաստը, եւ այն պատմության դասագրքից հնչում էր ճակատագրի նման. Սիբիր…

Պետք էր սկզբից հաղթահարել բառը, ինչպես բոլոր նրանք, ում աքսորել էին այնտեղ… Ուր աքսորվել էին նաեւ իմ պապն ու տատը, եւ պապս, երեւի, այս նույն գետի ափին նստած երկար նայել է դեպի Մեծ ջուր հեռացող պղտոր գետին…

Տախտակամածից երեւում են լայնահուն Իրտիշ գետի մուգ ջրերը, գետային նավահանգիստը, դիմացի ափի խիտ անտառները, որ տարածվում, խառնվում են հորիզոնի կապույտ գծին, եւ գետանցման կառամատույցը, որի կողքին ցածրիկ տախտակամածի վրա նստած ենք ծերունի Գանն ու ես: Ոտքերս կախել ենք ջրի վրա ու զրուցելով հետեւում ենք անցնող-դարձող գետանավերին: Ծերունի Գանը՝ նավակների պահակը, խանտ ցեղից է, իր ասելով՝ ամենածեր խանտը, եւ Իրտիշ գետի նման շատ բան է տեսել աշխարհում: Մասնակցել է հայրենական պատերազմին, բայց գրեթե ոչինչ չի հիշում, չի մոռացել միայն զորավար Ժուկովի անունը: Մինչեւ հիմա էլ նրա համար անհայտ է, թե ինչու էին մարդիկ իրար վրա կրակում, ի՞նչ էին ուզում իրարից:

– Ես տեսել եմ, որ մարդը արջի վրա կրակի, իշայծյամի վրա կրակի, ես էլ եմ կրակել, բայց որ մարդը մարդու դեմ հրացան պահի՝ առաջին անգամ էի տեսնում,- ասում է նա՝ աչքը չկտրելով ափ քաշված նավակների մոտ խաղացող երեխաներից,- մեր ցեղը մարդու վրա չէր կրակում:

Մեր դիմաց ջրի միջից դուրս թռավ մեծ, արծաթագույն մի ձուկ ու, ընկնող աստղի լուսավոր հետագիծ թողնելով, փայլատակեց մի պահ ու նորից շրմփաց ջուրը:

– Պերկես էր,- ինքն իրեն ժպտալով ասաց ծերունին,- ուրախ ձուկ է:

– Իզուր կարթ չվերցրինք,- ասացի ես՝ նայելով ծերունու տան կողմը, որն ընդամենը մի քանի քայլ էր մեզանից հեռու:

– Ես տանը կարթ չեմ պահում:

– Բա ինչո՞վ եք ձուկ որսում:

– Ես ձուկ չեմ բռնում,- ասաց նա,- ձուկ բռնելը մեղք է:
Ծերունին երկար ժամանակ նայում էր ոտքերի տակ ծփացող գետի ջրերին, ապա շարունակեց.

– Ճիշտ է, մեր ցեղը ձկնորս է եղել, բայց ես երդվել եմ ձուկ չբռնել:

Գետային նավահանգստից շչակների խուլ, երկարաձիգ սուլոց է լսվում, որ ծավալվում, փռվում է ջրերի վրա, խախտում անտառների խորհրդավոր լռությունը:
Ծերունին ուղղեց վզին փաթաթած շարֆը ու գետի ջրերին նայելով՝ սկսեց պատմությունը.

– Իմ Յուվան հայրը մեծ ձկնորս էր, նրան բոլորը հարգում էին, ցեղի առաջնորդի հետ խորհրդի էր նստում: Առաջինը նա էր, որ նավակով հասավ մինչեւ Մեծ ջուր (Սառուցյալ օվկիանոս) ու կենդանի վերադարձավ. մեր ցեղից ոչ ոք Մեծ ջուրը չէր տեսել,- ծերունին մի պահ լռեց, հետո ձեռքով ցույց տալով ոտքերի տակ փռված գետը՝ ասաց,- գետն էլ է նրան հիշում, հիմա ես պատմում եմ, գետը լսում է ու հիշում:
Ես տարակուսանքով նայում էի ծերունուն, հետո գետին ու ժպտում: Նա նկատեց իմ թերահավատ ժպիտը եւ առանց նեղանալու, խրատի տոնով շարունակեց.

– Այո, գետը հիշում է: Քեզ էլ չի մոռանա: Այ, դու օտար մարդ ես, եկել ես, վաղը կգնաս քո տունը, բայց գետը քեզ կհիշի, նա ում մի անգամ տեսնում է, երբեք չի մոռանում: Այդպիսին է Իրտիշը, նա իմ հորն էլ է հիշում՝ մեծ ձկնորս Յուվանին: Երբ հայրս ապրում էր ու ձուկ էր որսում, մեր ցեղը չգիտեր՝ ինչ բան է սովը, ապրում էինք լիության մեջ, շներն էլ մարդկանց նման չաղանում էին: Ամեն անգամ, երբ հայրս նավակ էր նստում, մայրս չար ոգիներին մոլորեցնելու համար ափից բարձր ձայնով կանչում էր նրան, որ անտառում երկար չմնա, ճահիճներից զգուշանա, շատ հեռու չգնա, եւ չար ոգիները մորս խոսքերից խաբված գնում էին անտառ՝ հորս այնտեղ գտնելու, որ վնասեն, իսկ հայրս, իր նավակը նստած, ապահով գնում էր ձուկ որսալու: Բայց Շամանը հորս չէր սիրում ու մի անգամ չար ոգիներին հայտնեց նրա տեղը, եւ ոգիներից մեկը, հսկա ձկան կերպարանք առած, կուլ տվեց հորս կարթը, նրա նավակը քշեց-տարավ մինչեւ Մեծ ջուր, որտեղից նա էլ երբեք չվերադարձավ:

– Հորիցս հետո մայրս անիծեց ձկնորսությունը: Եվ ես մորս միակ որդին էի ու երդվեցի, որ երբեք ձուկ չեմ որսա,- տարօրինակ բարձր ձայնով իր խոսքն ավարտեց ծերունին՝ ուղղելով այն հեռվում կանգնած մեկին:

Շարունակելով խոսել՝ ծերունին ինձ չէր նայում, նայում էր մթնշաղի մեջ մուգ-սրճագույն երանգ ստացած գետի անհանգիստ ջրերին, եւ ես հասկանում էի, որ նրա խոսքերն ուղղված էին ոչ թե ինձ, այլ ջրերի վրա շրջող «չար ոգիներին»:

Նավը դանդաղեցնելով ընթացքը՝ մոտեցավ կառամատույցին: Ես հրաժեշտ տվեցի ծեր պահակին, որ խանտ ցեղի ամենատարեց մարդն էր, ու լուռ, դատարկ փողոցով քայլեցի դեպի վերահաս մթի մեջ անշարժացած հին քաղաքի գմբեթները:

 

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

 

«Առավոտ»

12.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031