Անցած անգամ այս հարցի շուրջ բավական մլուլ տվեցինք, բայց չկարողացանք այս հարցին հստակորեն պատասխանել, եւ չնայած համոզված չենք, որ այս անգամ մեզ կհաջողվի մեր իսկ բարձրացրած հարցին սպառիչ պատասխան տալ, այդուհանդերձ, կփորձենք այդ անել, եւ եթե այս անգամ էլ չստացվի, գոնե կհասկանանք, թե ինչու չստացվեց, եւ եթե դա էլ չհասկանանք, գոնե կհասկանանք, որ այս հարցը միանշանակ պատասխան չունի՝ դրական կամ բացասական, որովհետեւ այս հարցը, որ բաղկացած է զանազան ու լիքը ենթահարցերից, կարող է պակաս բովանդակություն, հետաքրքրություն ու հրատապություն ներկայացնել, քան ենթահարցերից յուրաքանչյուրը: Տաֆտալոգիա՞ ստացվեց: Միանգամայն հնարավոր է:
ՕՐՕ դաշինքը հիշում եք: Հիշում եք նաեւ, որ ՕՐՕ դաշինքի առաջին դեմքը ղարաբաղցի Սեյրան Օհանյանն էր: Ինքը Րաֆֆիի ու Օսկանյանի համեմատ միանգամայն անփորձ ու սկսնակ քաղաքական գործիչ էր, բայց, փաստորեն, դաշինքի առաջին դեմքը ոչ թե այս երկուսն էին, այլ ինքը՝ ղարաբաղցի Սեյրան Օհանյանը: Դաշինքի ստվերային առաջին դեմքն էլ ղարաբաղցի Սամվել Բաբայանն էր: Հիմա սա անվանենք ղարաբաղյան կլա՞ն: Չար լեզուներն այդպես էլ անվանում էին, մանավանդ որ՝ չար լեզուները տարածում էին, որ տվյալ դաշինքի հետեւում Ռոբերտ Քոչարյանն է կանգնած: Այսինքն՝ ակնարկը վերստին ղարաբաղյան կլանին էր վերաբերում:
Այդուհանդերձ, փաստը մնում է փաստ, որ Սեյրան Օհանյանը ՕՐՕ դաշինքի գլխավոր դեմքը դարձավ Վարդան Օսկանյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի թողտվությամբ ու թույլտվությամբ: Այսինքն՝ ամեն ինչ տեղի է ունենում ոչ միայն ղարաբաղցիների իմացությամբ ու մասնակցությամբ:
Այս պահի դրությամբ երկրի երկրորդ դեմքն էլ է ղարաբաղցի. Կարեն Կարապետյանն է: Բայց վարչապետի ղարաբաղցի լինելը քչերն են շեշտում. ավելի շատ շեշտում են վարչապետի դրական հատկանիշները: Ասածիցս չստացվի, թե ղարաբաղցի լինելը բացասական հատկանիշ է, բայց որ մեզանում կան մարդիկ, ովքեր այդպես են համարում, փաստ է, եւ փաստ է նաեւ այն, որ այդ մարդիկ զանազան հեքիաթներ են բստրում՝ ապացուցելու համար, որ իսկապես գոյություն ունի ղարաբաղյան կլան, եւ որ մեր ժամանակներում Հայաստանում հենց այդ կլանն է ամեն ինչ որոշում: Վերջերս այդ հիվանդագին հեքիաթասացներից մեկը քափ ու քրտինք մտած՝ ինձ համոզում էր, որ իսկապես գոյություն ունի ղարաբաղյան ամենազոր կլան, եւ որ այդ կլանի ստվերային ու իրական առաջնորդը ծագումով ղարաբաղցի գրող Զորի Բալայանն է:
Հետաքրքիր է՝ Զորի Բալայանը գիտի՞ այդ մասին: Եթե իմանա, ի՞նչ ռեակցիա կտա՝ դրակա՞ն, թե՞ բացասական: Երեւի կհպարտանա՝ տեղեկանալով, թե ինքն ինչպիսի մեծ դերակատարություն ունի մեր կյանքում ու մեր իրականության մեջ: Զորի Բալայանի դերն ու նշանակությունը ֆետիշացնող այդ ծանոթս ղարաբաղցիների թեմայով այլ մտասեւեռումներ էլ ունի, բայց դրանց չեմ ուզում անդրադառնալ՝ համարելով, որ ժողովրդական բանահյուսության այդ բացասական ու հիվանդագին դրսեւորումները նաեւ վարակիչ բնույթ ու էություն ունեն եւ կարող են պարարտ հող գտնել ղարաբաղցիների մասին բացասաբար տրամադրված հիվանդ ուղեղներում:
Կարճ ասած՝ «Ղարաբաղյան կլան» հասկացությունը բացառապես ոչ ղարաբաղցիների հիվանդագին մտասեւեռումների արդյունքն է: Այդուհանդերձ, փաստը մնում է փաստ, որ մեր օրերում ու մեր ժամանակներում բարձր պաշտոն ու դիրք գրաված յուրաքանչյուրը, եթե ծագումով ղարաբաղցի չի, այս կամ այն կերպ եւ այս կամ այն չափով կապված է Ղարաբաղի եւ Ղարաբաղյան շարժման հետ:
Այսինքն՝ Ղարաբաղի հարցը ոչ թե զուտ ղարաբաղցիների, այլ ողջ հայության հարցն է: Եվ դրա լավագույն ապացույցը Ղարաբաղյան պատերազմն էր, որի հաղթական արդյունքը նույնպես ողջ հայությանն է պատկանում: Անցյալ տարվա քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ եթե որեւէ կլան գոյություն ունի, դա համահայկական կլանն է, որի ներկայացուցիչները պատրաստ են իրենց կյանքը զոհել հանուն Ղարաբաղի: Դա մեզանից ավելի լավ ադրբեջանցիներն են հասկանում, դրա համար էլ ադրբեջանցիները ողջ հայությանն են իրենց թշնամին համարում: Այսինքն՝ ողջ հայությանն են կլան համարում, ընդ որում՝ չափազանց կուռ ու չափազանց միասնական կլան, որն ընդգրկում է Ղարաբաղը, Հայաստանն ու Սփյուռքը:
Անցյալ դարասկզբից մինչեւ դարակես եւ մի քիչ էլ ավելի Սփյուռքում, բացառությամբ Սիրիայի, Լիբանանի եւ մի քանի այլ հայոց գաղթօջախների, հայությունը ձուլման վտանգի առաջ էր, եւ հիմնականում Սփյուռքի մեր հանճարների (Սարոյան, Ազնավուր, Վերնոյ եւ ուրիշներ) շնորհիվ էր սփյուռքահայությունն իր ինքնությունը պահում:
Անցյալ դարավերջին Ղարաբաղում ու Հայաստանում սկսված Ղարաբաղյան շարժումը հայոց Սփյուռքի ազգային մեծ զարթոնքի սկիզբը դարձավ: Շատերը վերադարձան իրենց արմատներին, եւ աշխարհի մասշտաբով հիմնավորապես հառնեց հայկական հարցը, որն իր մեջ ընդգրկում է Ղարաբաղի հարցն ու Ցեղասպանության ճանաչման հարցը: Ավելորդ ենք համարում նշել, թե ինչպիսի մեծ ներդրում ունեցան Սփյուռքն ու սփյուռքահայությունը Ղարաբաղյան հաղթանակի գործում: Ավելորդ ենք համարում նաեւ նշել, թե ինչպիսի եղբայրական ընդունելություն ցուցաբերեցին հայաստանցիները ծանր կացության մեջ հայտնված մեր սիրիահայ եղբայրներին:
Իմ համեստ կարծիքով՝ աշխարհասփյուռ հայությունը երբեւէ այսքան կուռ, միասնական ու նպատակաուղղված չի եղել, որքան այսօր՝ այս պահին: Կուզեք սա ղարաբաղյան կլան համարեք, կուզեք՝ հայաստանյան, կուզեք՝ համահայկական: Ձեր իրավունքն ու ձեր գործն է: Կարեւորն այն է, որ մեր միասնականության արդյունք նվաճումներն ու հաղթանակները շարունակական լինեն:
Ինչպես ասվում էր՝ պայքար, պայքար մինչեւ վերջ:
Ավելի ճիշտ՝ մինչեւ վերջնական հաղթանակ:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ»
12.05.2017
Շատ հախուռն և ուրախ վերջաբան, որը ես, որպես պատերազմի երեխա, կիսել չեմ կարող։ Երբ տաս տարեկանում կողքիդ պայթում են արկեր, իսկ դու դեռ չես հասցրել իջնել նկուղ և տեսնում ես, թէ հարևան թաղից ինչպես է վեր խոյանում հերթական փլված բնակարանից դուրս եկող փոշու հսկայական ամպը և այդ աղմուկից կիսախլացած՝ մայրիկի փեշերից կախված, վազում ես ներքև, իբր նկուղում թաքնվելու, երբ ամիսներով դպրոց չես հաճախում և այդքան վաղ տարիքում մասնակցում ես դասարանցուդ թաղմանը, ում կտրատել է բեկորը, երբ նորմալ ճաշի փոխարեն սնվում ես անհայտ ծագման սպիտակ լոբիներով և առավոտից երեկո լսում մեծերի սարսափելի պատմությունները այս կամ այն ծանոթի զոհվելու մասին, կներեք, այդքան աշխույժ բացականչությունների համար այլևս տեղ չի մնում։ Անհարկի բացականչություններ անելուց առաջ մի պահ պատկերացրեք տասնամյա երեխայի սարսափից մեծացած և սառած աչքերը։ Սա լացակումած լիրիկա չե, սա ես եմ և ինձ նման հազարավոր նախկին՝ պատերազմի երեխաները։ Պատերազմի մասին բարձրաձայն չեն խոսում։ Սկսել թեման ղարաբաղյան կլանից, մեջ գցել պատերազմը և վերջացնել այն նման կենացային ոճի արտահայտություններով ուղղակի անհարկի է և անհասկանալի։ Եթե մի քիչ зануда գտնվեցի, կներեք։