Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանդատակռիվը շարունակվում է

Մայիս 13,2017 14:00

«Ծառուկյան» դաշինքում եւ իշխող ՀՀԿ-ում դեռ բանակցում են

Մայիսի 18-ին կայանալու է նոր խորհրդարանի առաջին նիստը, բայց խորհրդարանական ընտրությունների, այսպես ասած, ինտրիգը դեռ չի մարել: Թեպետ մանդատների հանձնման պաշտոնական արարողություն կայացավ անցած շաբաթ, բայց դեռ հստակ չէ` մանդատ ստացած պատգամավորնե՞րն են լինելու նոր խորհրդարանի անդամները: «Ծառուկյան» դաշինքում, ինքնաբացարկների դիմումների անակնկալից հետո ստեղծված իրավիճակը դեռ չի հանգուցալուծվել: Ամեն օր դեռ նոր երանգներ են ի հայտ գալիս: Օրինակ, խոսակցություններ կան, որ իրենց անունից ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի դիմումներ ներկայացման դեմ ընդվզած 12 պատգամավորներից 8-ը, որոնք մանդատներ էին ստացել, խոհրդարանի առաջին իսկ նիստի օրը կհայտարարեն մանդատները վայր դնելու մասին:

Հիշեցնենք, դաշինքի համապետական ցուցակով մանդատ ստացել են Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը եւ Արթուր Մանուկյանը, տարածքային ցուցակով՝ Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը: Նրանցից Նապոլեոն Ազիզյանը, Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահան Կարապետյանը արդեն հայտարարել են, որ պատրաստ են մանդատները վայր դնել: Մյուսները խուսափում են լրագրողների հետ զրույցներից: Հավանաբար, դեռ բանակցում են: Համենայնդեպս, Խաչիկ Մանուկյանի կինը` Ալիսա Համբարձումյանը, «Առավոտի» հետ զրույցում ասել էր. «Խաչիկ Մանուկյանը ներկայումս գտնվում է Հայաստանից դուրս, նախօրոք պլանավորած գործուղման մեջ, որի ժամկետները սահմանվել էին դեռ ընտրություններից առաջ եւ դրանք տեղափոխել հնարավոր չէր: Ուստի ԿԸՀ վերջին նիստից հետո Խաչիկ Մանուկյանը մեկնեց գործուղման»:

Ի դեպ, Խաչիկ Մանուկյանը եւ Նապոլեոն Ազիզյանը մանդատները վերցնելուց հետո հայտարարել էին, որ իրենց դեմ ուղղված սպառնալիքներ կան: Aravot.am-ը փորձել էր զրուցել Խաչիկ Մանուկյանի հետ, վերջինս, սակայն, չէր պատասխանել մեր հեռախոսազանգերին: Պատասխանելով հարցին` ինչո՞ւ Խաչիկ Մանուկյանը մեկնաբանություններ չի անում տեղի ունեցածի վերաբերյալ, նրա կինը՝ տիկին Ալիսան, մեզ հետ զրույցում նշեց, որ Խաչիկ Մանուկյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ որեւիցե լարվածություն չկա: Ըստ նրա, Հայաստան վերադառնալուն պես նրանք կհանդիպեն եւ ստեղծված իրավիճակից հանգուցալուծում կգտնեն: Տիկին Ալիսան նաեւ ընդգծեց, որ Խաչիկ Մանուկյանը հանդիսանում է սահմանադրորեն ընտրված պատգամավոր: Ասաց, որ ամուսնու ընտրողները այս ողջ ընթացքում եւ իրավիճակի զարգացմանը համահունչ, մշտապես եղել են իր կողքին, հայտնել իրենց աջակցությունը. «Այս ամբողջ ընթացքում նրանք զանգահարել են ինձ, ասել, որ իրենց ընտրած պատգամավորի կողքին են, պատրաստ են ամեն կերպ աջակցել նրան, նույնիսկ առաջարկել են գալ Երեւան եւ իրենց աջակցությունը հայտնել մեր ընտանիքին այստեղ: Սակայն ես նրանց հորդորել եմ զերծ մնալ նման նախաձեռնությունից»: Տիկին Ալիսան նաեւ հայտնեց, որ Արագածոտնի մարզի ընտրողներն իր հետ զրույցներում հույս են հայտնել, որ Գագիկ Ծառուկյանը եւ Խաչիկ Մանուկյանը ստեղծված իրավիճակի շուրջ հնարավորինս շուտ համաձայնության կգան եւ միահամուռ ուժերով կլծվեն մարզի առաջ ծառացած խնդիրների լուծմանը:

Հիշեցնենք, որ օրերս, «Ծառուկյան» դաշինքով Արմավիրի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Հակոբ Հակոբյանը, նա անցողիկ թեկնածու չէ, հայտարարել էր, որ բացի նրանից, որ այդ մարդիկ տեղյակ են եղել ինքնաբացարկների դիմումներից եւ կամովին են դրանք ստորագրել, Գագիկ Ծառուկյանի հետ նաեւ այլ պայմանավորվածություն են ունեցել. «Յուրաքանչյուրը իր վրա վերցրած պատասխանատվությունը պետք է իրականացներ, բայց ձեր ասած մարդկանցից որեւէ մեկը դա չի արել»: Խոսքը նախօրոք խոստացված ձայների որոշակի քանակ ապահովելու մասին է: Հակոբ Հակոբյանը պնդում է, որ այդ մարդիկ իրենց խոստացածից քիչ ձայներ են ապահովել դաշինքի համար:

Ի դեպ, մանդատների բաշխման գործընթացը չի ավարտվել նաեւ իշխող ՀՀԿ-ում: Դեռ չի բացառվում, որ պատգամավորական մադատ ստացած որոշ անձինք նույնպես վայր դնեն մանդատները:

 

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

12.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031